Բաժիններ՝

Հակոբ Արշակյանը ՀԲ-ի ներկայացուցիչներին տեղեկացրել է «Ինժեներական քաղաք» և այլ ծրագրերի մասին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) ներկայացուցիչներին՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի` ԵՄ անդամ պետություններում ծրագրի ղեկավար Նավաս Սաբատարի գլխավորությամբ։

Ինչպես հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից, բանկի ներկայացուցիչները նշել են, որ այցի նպատակը համագործակցության մի շարք հնարավոր ուղղությունների շուրջ արդյունավետ քննարկումն է։ Նրանք անդրադարձել են Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) տարածքում, այդ թվում նաև Հայաստանում, թվային օրակարգի ձևավորման անհրաժեշտությանը, այդ գործընթացում ՀԲ-ի ներգրավվածության հնարավորություններին։

Նշվել է, որ այս ուղղությամբ ՀԲ-ն տարբեր երկրների կառավարությունների հետ համագործակցության մեծ փորձ ունի: Ծրագրի ֆինանսավորումից բացի, բանկի մասնագետները կարող են նաև օգտակար լինել թվային օրակարգի տեխնոլոգիական ռազմավարության մշակման աշխատանքներում։

Ողջունելով բանկի ներկայացրած առաջարկը՝ Հակոբ Արշակյանն ընդգծել է այլ ծրագրերում ևս ՀԲ-ի հետ համագործակցության հնարավորությունները։ Նա անդրադարձել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթություններին, ներկայացրել ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը, դրա նշանակությունը երկրի տնտեսության զարգացման համար։

Նախարարն ընդգծել է ստարտափների կարևորությունը, միջազգային շուկաներում դրանց գործունեության հեռանկարները: Նա ծանոթացրել է «Ինժեներական քաղաք» ծրագրին, «Ազգային վենչուրային հիմնադրամ» ստեղծելու նախագծի մանրամասներին, ինչպես նաև կարևորեց տարածաշրջանային «Տվյալների կենտրոն» կառուցելու ծրագիրը:

Նախարարն անդրադարձել է նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հենքի վրա կրթական ծրագրեր իրականացնելու միջոցով ոլորտը բարձրակարգ մասնագետներով համալրելու անհրաժեշտությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության այլ շրջանակներ ևս, այդ թվում՝ բանկի աջակցությամբ Հայաստանում թվային էկոհամակարգի զարգացմանն առնչվող հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել նախարարության և ՀԲ մասնագետներից կազմված աշխատանքային խումբ՝ ներկայացված առաջարկներն առավել հանգամանորեն ու մանրակրկիտ քննարկելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս