Բաժիններ՝

Բաբկեն Տեր Գրիգորյանն ԱԶԲ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր

Փետրվարի 14-ին ՀՀ սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Ռաջեշ Վասուդևանին և բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գրիգոր Գյուրջյանին: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհավորելով Ազգային ժողովի կողմից կառավարության ծրագրի ընդունման առթիվ՝ հյուրերը վստահություն են հայտնել, որ այն իրապես կարող է բազմաթիվ դրական փոփոխություններ բերել երկրի զարգացման գործընթացներում: Այնուհետև նրանք անդրադարձ են կատարել Ասիական զարգացման բանկի՝ Հայաստանում իրականացրած և իրականացնելիք ծրագրերին ու ուղղություններին՝ շեշտելով, որ բանկը փոխգործակցում է ինչպես կառավարության, այնպես էլ մասնավոր հատվածի, հասարակական կառույցների, միջազգային գործընկերների հետ: Այժմ էլ բանկը մշակում է Հայաստանի հետ գործակցության 2019-2023 թթ. ռազմավարությունը:

Ողջունելով հյուրերին՝ Բաբկեն Տեր Գրիգորյանը նախ անդրադարձ է կատարել կառավարության կառուցվածքում իրականացվող փոփոխություններին, մասնավորապես շեշտել, որ Սփյուռքի նախարարությունը վերակազմակերպվելու և միանալու է վարչապետի աշխատակազմին՝ ստեղծելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ: Այն իր առաջնահերթություններում ունենալու է Հայաստան-սփյուռք փոխաջակցության, համահայկական օրակարգի ձևավորման, հայրենադարձության և ինտեգրման, Հայաստանի շուրջ սփյուռքի ներուժի համախմբման հարցերը:

Խոսելով Ասիական զարգացման բանկի հետ սփյուռքի գծով համագործակցության հնարավոր ուղղությունների մասին՝ Բաբկեն Տեր Գրիգորյանը նախևառաջ նշել է, որ բանկը կարող է իր յուրաքանչյուր նոր ծրագրի մշակման փուլում ներգրավել սփյուռքահայերին, նրանց հնարավորությունները, ներուժն ու գիտելիքները: Նա նաև նկատել է, որ սփյուռքի նյութական ռեսուրսների կողքին առկա են մարդկային անգնահատելի ներուժը, համահայկական գլոբալ ցանցը, մասնագիտական հայրենադարձություն իրականացնելու հնարավորությունները:

Նախարարի պաշտոնակատարը խոսել է նաև սփյուռքի պարտատոմսերի թողարկման գաղափարի մասին, որը դեռևս խիստ նախնական քննարկման փուլում է: Ըստ Բաբկեն Տեր Գրիգորյանի՝ սփյուռքն ակտիվորեն մասնակցում է Հայաստանի զարգացման գործընթացին, սակայն առկա է զարգացման հստակ և պրոֆեսիոնալ ծրագրերի ներդրման բացը:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներին, ծրագրերում սփյուռքի բաղադրիչի ընդգրկմանն առչվող հարցեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս