
«Բարեբախտաբար, կա VAR-ը, քանի որ ոչ ոք չէր տեսնի խաղից դուրսը». Կուրտուա

Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆից առաջ մրցաշարում ներդրվեց տեսակրկնությունների VAR համակարգը: Դրա անհրաժեշտությունը եղավ փլեյ-օֆֆի երկրորդ խաղային օրը:
«Այաքսի» պաշտպան Նիկոլաս Տալյաֆիկոն 37-րդ րոպեին գրավեց «Ռեալի» դարպասը: Մադրիդյան ակումբի խաղացողները հարցեր չունեին, իսկ հոլանդացիներն արդեն նշել էին գոլը: Սակայն, տեսակրկնությունների համար պատասխանատու մրցավարները խնդրեցին գլխավոր մրցավար Սկոմինային դիտել տեսակրկնությունը:
ՈՒԵՖԱ-ի կողմից հնչած պաշտոնական վարկածում նշվում է, որ գրանցվել է խաղից դուրս իրավիճակ: Մամուլում քննարկվում է, որ խաղից դուրս իրավիճակ չկար, և տեսակրկնությունների համակարգն ու Սկոմինան սխալվեցին:
Մադրիդյան ակումբի դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է այս դրվագը:
– Դա ճի՞շտ որոշում էր:
– Կարծում եմ՝ այո: Երբ դա տեղի ունեցավ, ես մտածում էի, որ այդ իրավիճակում կարող է լինել խաղից դուրս իրավիճակ:
Երբ այդ տղան խփեց գլխով, ես ուզում էի բռնել գնդակը: Նրանց ֆուտբոլիստի գործողությունների պատճառով ես ստիպված էի փոխել որոշումս:
Բարեբախտաբար, կա VAR-ը, քանի որ ոչ ոք չէր տեսնի խաղից դուրսը»,- ասել է բելգիացին:
Սիրարփի Աղաբաբյան