Հայաստանը՝ գերտերությունների բախման կիզակետում

Սիրիա հայ մասնագետների խումբ ուղարկելու վերաբերյալ ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունը տարաբնույթ մեկնաբանությունների պատճառ է դարձել: Թեև նշվում է, որ ԱՄՆ-ի համար հասկանալի է Սիրիայի մարդասիրական իրավիճակին արձագանքելու այլ պետությունների ցանկությունը, և կիսում են Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության շուրջ մտահոգությունները, այնուհանդերձ, չեն պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով, թե ռազմական ուղղվածության:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ Հայաստանը չի մասնակցելու ռազմական գործողությունների, առաքելությունը զուտ մարդասիրական է, հետևաբար՝ հայտարարությունը ՀՀ-ի համար բացասական հետևանքներ չի առաջացնի:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը ևս համոզված է, որ հայտարարությունն անցանկալի ազդեցություն չի ունենա:

«168 Ժամի» հետ զրույցում նա առանձնացրեց դրա 3 մեսիջ, առաջինը՝ Սիրիայում առկա է քրիստոնյա փոքրամասնություն, որը խնդիր ունի, և ԱՄՆ-ը դա տեսնում է, երկրորդ՝ ԱՄՆ-ը այս կամ այն ձևով այս առաքելությունը դիտարկում է ՄԱԿ-ի մարդասիրական բանաձևի ներքո և հասկանում է, որ Հայաստանն այնտեղ մարդասիրական առաքելություն է իրականացնում, երրորդ՝ ԱՄՆ-ին մտահոգում է Ռուսաստանի հետ համագործակցության հարցը, սակայն դրա համար հիմք չկա.

«Նախ՝ որևէ տեղ առայժմ չի հնչել, որ դա համագործակցության հարց է, բացի լոգիստիկայից, ինչքան ես գիտեմ: Երբ Ռուսաստանը և Հայաստանը հայտարարեն հայ-ռուսական համագործակցության աստիճանի մասին, ես այդ հարցին կպատասխանեմ, բայց այս պահի դրությամբ ես տեսնում եմ, որ այդ խումբն ինքնուրույն է գործում և գործում է հայկական դրոշի ներքո»:

Ըստ նրա՝ գործընկերների կողմից կա ընկալում, որ առաքելությունը մարդասիրական է, իսկ Սիրիայի հայ համայնքի կողմից կա դրական արձագանք՝ այս առաքելության հետ կապված: Հ.Իգիթյանն ընդգծեց, որ խումբն արդեն ուղարկվել է, և կա այդ մարդկանց համար նորմալ պայմաններ ապահովելու խնդիրը.

«Ես հիմա սա ավելի շատ եմ կարևորում, և, եթե որևէ մեկն ասում է, որ նրանք այնտեղ անօրինական են գտնվում, ես գտնում եմ, որ այդ մարդն ուզում է, որ առաքելության անդամներն այնտեղ խնդիրներ ունենան, որովհետև այս ռազմական ծանր իրավիճակում ունենալ նույնիսկ մարդասիրական առաքելություն անօրինական, որևէ ձևով պաշտպանված չէ: Ես ուզում եմ, որ ՄԱԿ-ի պաշտպանվածությունը լինի, որովհետև ՄԱԿ-ն ունի բանաձև մարդասիրական առաքելություն իրականացնելու համար:

Ես ուզում եմ, որ ԱՄՆ-ը, ինչքան կարող է, չնայած այդ տարածաշրջանում ազդեցություն չունի, անվտանգություն ապահովի, որովհետև ինքն էլ է նշում, որ այնտեղ կա քրիստոնեական փոքրամասնություն, և հասկանում է, որ խնդիր կա: Ես ուզում եմ, որ Ռուսաստանն այնտեղ ապահովի մեր քաղաքացիների անվտանգությունը՝ ինչքան կարողանում է, և Ռուսաստանի դրական արձագանքը ես ընկալում եմ այս երաշխիքների տեսանկյունից: Ես չեմ տեսնում այսօր որևէ վտանգ, որ գալիս է այս հզորների հայտարարություններից»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Արման Բաբաջանյանի կարծիքով՝ ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունը մտահոգիչ է այն առումով, որ Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, դիտարկվում է ասադական ռեժիմին աջակցող հումանիտար առաքելության մաս.

«Եվ դա շատ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ, եթե ՀՀ իշխանությունն այս պահին իսկ չփորձի վիճակը մեղմելու համար գործուն քայլեր ձեռնարկել և արագ ցույց տալ, որ մենք այնտեղ ասադական ուժերին կամ վարչակարգին աջակցելու որևէ որոշում չունենք, որովհետև ավանդաբար Հայաստանը մի խնդիր է լուծել, ասել է, որ մենք Սիրիայի ժողովրդի ընտրության հետ ենք, երբեք կողմ չենք եղել ընդդիմությանը՝ ո՛չ ծայրահեղ և ո՛չ չափավոր ընդդիմությանը, ո՛չ նույնիսկ իշխանությանն աջակցող շերտերին, այնպես որ, շատ էական է, թե մենք ինչ շարունակություն կունենանք:

Հատկապես նախօրեին Դավիթ Տոնոյանի հայտարարության շուրջ կան մտահոգություններ, որ, եթե լինի անհրաժեշտություն, Հայաստանը կարող է նույնիսկ ռազմական գործողություններին մասնակցել: Անգամ, եթե դա ասվում է՝ շեշտելով, որ դա կլինի օրենքի շրջանակներում, այդպիսի բան արտաբերելն իր մեջ ռիսկեր է պարունակում: Մենք պետք է այդ իմաստով հնարավորինս ձեռնպահ մնանք Սիրիայում մեր մասնակցությունն ավելացնելու, խորացնելու, զարգացնելու որևէ ծրագրից»:

Ա.Բաբաջանյանը հայտնեց, որ վարչապետին նամակ է հղել՝ պահանջելով իրավապայմանագրային հենքը, որով ՀՀ-ն մասնակցում է այս առաքելության շրջանակներում. «Տպավորություն է, որ ինչ-որ ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր է գտնվել 2001թ., որն ունի գաղտնիության գրիֆ, և դրա վրա հղում անելով՝ առանց ԱԺ-ում քննարկումների, նման վերաբերմունքն  ուղղակի անթույլատրելի է»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Արման Աբովյանի համար ԱՄՆ կողմից նման արձագանքը սպասելի էր և այնքան սուր չէ, որքան փորձում են ներկայացնել, և մեսիջներն ուղղված չեն Հայաստանին:

Նրա համոզմամբ՝ ընկալվում է առաքելության բնույթը, որ մարդասիրական է. «Վտանգների, առավելությունների մասին խոսելն առայժմ վաղ է: Գերտերությունները պաշտպանում են իր շահերը, պետք չի ո՛չ տագնապել, ո՛չ հանգստանալ, սա դիվանագիտական ընթացք է, որ կանխատեսելի էր: Շատ կարևոր է՝ իշխանությունները մի ծայրահեղությունից չընկնեն մյուս ծայրահեղություն և շարունակեն խոսել մարդասիրական առաքելության մասին: Ես համոզված եմ, որ ՀՀ իշխանությունները կբացատրեն իրենց մոտեցումները»:

Տեսանյութեր

Լրահոս