
Հայաստան գազի տարանցման շուրջ «Գազպրոմ»-ի հետ բանակցությունները մոտենում են ավարտին. Բախտաձե

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն կարծում է, որ երկրի տարածքով Հայաստան գազի տարանցման վերաբերյալ նոր համաձայնագրի շուրջ ռուսական «Գազպրոմ»-ի հետ բանակցությունները կավարտվեն մոտ ժամանակներս։
Վրաստանը եւ «Գազպրոմ»-ը Հայաստան գազի տարանցման նոր պայմանների շուրջ համաձայնության են եկել 2017 թվականի հունվարին: Մինչ այդ վրացական կողմը տարանցման վճարն ստանում էր գազով:
Նոր պայմանագիրը կնքվել էր երկու տարով. առաջին տարում Վրաստանը տարանցման դիմաց վճարը մասնակիորեն ստանում էր բնական գազով, իսկ երկրորդ տարում վճարումն ամբողջությամբ կատարվում էր փողով: Համաձայնագրի ժամկետը լրացել է 2018 թվականի դեկտեմբերի 31-ին:
«Բանակցություններն ընթանում են: Դրանք վարում է էկոնոմիկայի նախարարությունը, եւ եկեք սպասենք դրանց արդյունքներին: Կարծում եմ՝ այդ բանակցությունները կավարտվեն մոտ ժամանակներս: Մեր դիրքորոշումը հետեւյալն է. Վրաստանը պետք է բարելավի իր դիրքերն այդ համաձայնագրում: Անտարակույս, ելման կետը կլինի մեր ազգային շահերը եւ մեր էներգաանկախությունը»,-ասել է Բախտաձեն Թբիլիսիում կայացած բրիֆինգի ժամանակ: Վրաստանը ռուսական գազ չի գնում 2017 թվականից: Երկիրը բնական գազով ապահովում է Ադրբեջանը, հաղորդել է Sputnik-ը: