«Բոլորը դրել ենք մեկ զամբյուղում և վախով սպասում ենք, թե երբ է ռուսը ոտքով հարվածելու՝ մեր ողջ արտաքին քաղաքականությունը փշուր-փշուր անելով»

«Պետդեպի արձագանքը ցուցիչ է այն բանի, որ մենք մտնում ենք մի խաղի մեջ, որը որ մերը չէ, և մենք պարզապես այդ խաղը խաղալու իրավունք չունենք: Մտնելով Սիրիա՝ մենք խնդիրներ ենք ստեղծում և՛ մեր զինվորների համար, և՛ Սիրիայում բնակվող մեր հայրենակիցների համար, և՛ հենց ՀՀ-ի համար: Սա չէր կարելի հաշվի չառնել: Նաև մեր զորախումբը Սիրիայում է գտնվում ՀՀ բազմաթիվ օրենքների խախտմամբ, սա պարզապես ինքնիրավչություն է»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին է ասել քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով Սիրիա ուղարկված ՀՀ մարդասիրական առաքելության վերաբերյալ ԱՄՆ Պետդեպի դիրքորոշմանը:

Նրա խոսքով, Պետդեպի այս գնահատականը սպասելի էր, ի դեպ, այն սպասելի էր այս առաքելության մասին տեղեկությունների հրապարակվելու առաջին իսկ օրվանից: Ըստ նրա, այս կոշտ արձագանքի պատճառը ոչ միայն այս առաքելությունն է, այլև ՀՀ ողջ արտաքին քաղաքականությունը, ՀՀ խիստ ռուսամետ արտաքին քաղաքականությունը, երբ մենք աշխարհում այլևս ոչինչ հաշվի չենք առնում, և Սիրիա զորք ուղարկելն այդ քաղաքականության ընդամենը մեկ արտահայտությունն էր, և ԱՄՆ այդ արձագանքն էլ ընդամենն այդ մեկ առիթն օգտագործելն էր։

Ա. Ենոքյանը կարծում է, որ այս առաքելությամբ Հայաստանը նույնիսկ հայ-ռուսական հարաբերությունների ոլորտում որևէ օգուտ չի ստանալու: «Սա Հայաստանի զինվորների և ՀՀ քաղաքացիների հաշվին Ռուսաստանին արված նվեր էր, որը գուցե մի փոքր աշխատեց, բայց Ռուսաստանը կրկին իր կոշտ դիրքորոշումներով է հանդես գալիս ՀՀ իշխանությունների հանդեպ»,- ասաց Ենոքյանը։

Նրա կարծիքով, այս գնահատականը մեղմելու և ընդհանուր առմամբ հումանիտար առաքելության շուրջ ստեղծված ռիսկային իրավիճակը վերացնելու համար ՀՀ Կառավարությունը պետք է այս առաքելության իրավապայմանագրային հիմքը, եթե այն գոյություն ունի, բերի ԱԺ, թափանցիկ քննարկումներ տեղի ունենան, և հետ բերի առաքելությունը Սիրիայից: Հայաստանը, ըստ նրա, պարտավոր է նաև բազմավեկտոր քաղաքականություն վարել: «Հիմա բոլորը դրել ենք մեկ զամբյուղում և վախով սպասում ենք, թե երբ է ռուսը ոտքով հարվածելու այդ զամբյուղին՝ մեր ողջ արտաքին քաղաքականությունը փշուր-փշուր անելով»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս