
Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները շարունակում են փակ պահել Երևան-Թբիլիսի երկաթգիծը

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները վաղ առավոտից շարունակում են փակ պահել Երևան-Թբիլիսի երկաթգիծը:
Աշխատակիցների փոխանցմամբ՝ իրենց նամակ-ահազանգին որևէ արձագանք չկա, հետևաբար՝ բողոքի ակցիա են իրականացնում:
Հիշեցնենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները փետրվարի 8-ին նամակ էին գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Զուգահեռ կազմակերպել էին ստորագրահավաք, որը նամակին կից ուղարկվել էր Կառավարություն:
168.am-ը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանից հետաքրքրվեց՝ արդյոք հարցի հետ կապված որևէ լուծում գտնվե՞ց, նա պատասխանեց.
«Դեռ ոչ: Մենք բողոքի ակցիայի մասնակիցներին առաջարկել ենք ուրբաթ օրը հանդիպել կառավարության և պղնձաձուլական գործարանի ներկայացուցիչների հետ»:
«Առաջարկում են դադարեցնել բողոքի ակցիան՝ նշելով, որ ուրբաթ օրը կգան, մեզ կհանդիպեն կառավարության և պղնձաձուլական գործարանի ներկայացուցիչները: Մի տեսակ չենք կարողանում դրան հավատալ»,- 168.am-ի հետ զրույցում ասացին Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները:
Հավելենք, որ այսօր Ազգային ժողովում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետին Ալավերդու պղնձաձուլական գործարանի և «Թեղուտի» վերաբերյալ հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ «ՎՏԲ-Հայաստան» բանկը 380 միլիոն դոլարի վարկ է տրամադրել «Վալեքս» ընկերությանը, հետո վարկը մարել չի հաջողվել:
«Անվճարունակության խնդիր կա: Մայիսից ներգրավվել ենք գործընթացի մեջ, փորձել ենք օգնել, որ բանկն ու ընկերությունը համաձայնության գան: Այնտեղ շատ խառը գրավների և պարտավորությունների համակարգ կա: Անցած տարի մենք հասանք համաձայնության, որ ՎՏԲ բանկը պետք է դառնա սեփականատեր, ներգրավի պղնձի ոլորտում հայտնի օպերատոր, որը «Թեղուտի» հանքը կաշխատացնի, ու այս համատեքստում կաշխատի նաև պղնձաձուլարանը: Այս ընթացքում մի շատ տարօրինակ պատմություն տեղի ունեցավ: Ինչ-որ մի ընկերություն 4000 դոլար պարտքի համար դիմեց դատարան և պահանջեց, որ բոլոր պրոցեսների վրա դրվի կալանք: Դատարանը կալանք սահմանեց մի քանի հարյուր միլիոն դոլարանոց ընկերության, գույքի, շարժի, իրավական պրոցեսների վրա: Դատական այս որոշման պատճառով նախկին պայմանավորվածությունների համակարգը կամաց-կամաց սկսեց քանդվել:
Բանակցությունները վերադարձել են զրոյական կետի, որովհետև օպերատորը, որը ներգրավված էր, այս պատմություններից հետո չցանկացավ մտնել գործընթացի մեջ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշել է նաև, որ «Վալեքս» ընկերության և «ՎՏԲ-Հայաստան» բանկի միջև բանավեճը նոր հարթություն է տեղափոխվել, և կառավարությունը պետք է օգնի, որ բանակցություններն արդյունավետ լինեն։
Անի Կարապետյան