Բաժիններ՝

«Սահմանադրական իմաստով կառավարությունը թերի է». Արծվիկ Մինասյան

«Ներկա կառավարությունը բոլոր մակարդակներում, ցավոք, օրենքի, սահմանադրականության և իրավունքի հետ կարծես թե պրոբլեմ ունի։ Հաճախ չեն ծանոթանում օրենքի կա՛մ Սահմանադրության համապատասխան դրույթին, կա՛մ պատշաճ ձևով չեն իրականացնում իրավական վերլուծություն։ Այս պարագայում մենք արձանագրում ենք, որ հաճախ տեսնում ենք օրենքի և իրավունքի տարակերպ մեկնաբանություններ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՅԴ մասնագիտական հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Կառավարության ծրագրին և կառուցվածքային փոփոխություններին։

Նրա խոսքով՝ Սահմանադրության 150-րդ և «Կառավարության և կառուցվածքի գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածների համաձայն՝ վարչապետը պարտավոր է իր նշանակումից անմիջապես հետո 5-օրյա ժամկետում նշանակել Կառավարության անդամների թեկնածությունը ՀՀ նախագահին։

«Օրենքի որևէ նորմ չի սահմանում բացառություն, որ կարող են մի մասին ներկայացնել։ Այլ բան է, որ օրենքը, ինչպես նաև Սահմանադրությունը նախատեսում է նշանակման ընթացքում ՀՀ նախագահի լիազորությունները, այսինքն՝ նա կարող է 3 օրվա ընթացքում չնշանակել, բայց Սահմանադրական դատարան կարող է ներկայացնել համապատասխան դիմում՝ առաջարկությունը քննարկելու համար։ Եթե նախագահը չի նշանակում, կառավարության տվյալ անդամը նշանակված է համարվում իրավունքի ուժով։ Այլ հարց է, որ կառավարության 2/3-ի կազմավորումը, օրենքը նախատեսում է, որպես պարտադիր պայման, երկու իրավական հետևանք առաջացնելու համար։

Եթե 2/3-ը չնշանակվի 15 օրվա ընթացքում, ապա վարչապետը համարվում է հրաժարական տված։ Եթե նշանակված է համարվում, ապա այդ պահից սկսած գործում է սահմանադրական այն նորմը, որ 20 օրվա ընթացքում Կառավարությունը պարտավոր է Ազգային ժողովին ներկայացնել իր ծրագիրը»,- ասաց Արծվիկ Մինասյանը և նկատեց, որ այս համատեքստում, սահմանադրական իմաստով, կա թերի կառավարություն։

Արծվիկ Մինասյանի բնորոշմամբ՝ այս ամենը վկայում է այն մասին, որ այստեղ կա ոչ միայն անփորձություն, այլև օրենսդրությանը ծանոթանալու կամ դրա հիման վրա գործելու ոչ բավարար ցանկություն։

Նա նաև շեշտեց, որ Կառավարությունը չի ներկայացրել հաշվետվություն այն մասին, թե նախորդ տարվա հունիսի 1-ին հավանության արժանացած կառավարության ծրագրի կետերն ի՞նչ փուլում են գտնվում, ինչո՞ւ չեն կատարվել, կամ, եթե թերի են կատարվել, ապա որո՞նք են պատճառները, և այլն։

«Իսկ մենք հիշում ենք, որ նախորդ տարվա Նիկոլ Փաշինյան վարչապետի ներկայացրած  ծրագիրն իր մեջ պարունակում էր քաղաքական և տնտեսական բարեփոխումներին ուղղված կոնկրետ գործողություններ։ Իհարկե, չպետք է մոռանանք, որ այս կառավարության գլխավոր նպատակն արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատրաստվելն էր։ Եթե կառավարության ծրագրի թերի կողմերին գումարենք նաև այն, որ կադրային քաղաքականության մեջ մենք անընդհատ գրանցում ենք ձախողումներ, ապա պետք է փաստենք, որ մեծ անելիքներ կան թե՛ կառավարության, թե՛ խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի և քաղհասարակության մասնակցությամբ»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը։

Նրա դիտարկմամբ՝ Կառավարության ծրագիրը զերծ է նաև գաղափարական հենքից։ Ծրագրում գրված է, որ այն հիմնված է «Իմ քայլը» դաշինքի ծրագրի վրա, որը չի կարող համարվել գաղափարախոսական։ Ավելին՝ ծրագրի եզրափակիչ հատվածում անտեսված են արտախորհրդարանական ուժերը։

«Կարծեք թե երկրի կառավարման գործում այս ուժերը դերակատարություն չպետք է ունենան, այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը կառուցված է միայն հաղթող ուժից և խորհրդարանում ներկայացված մյուս ուժերից։ Դա այդպես չէ, մենք մեր գործունեությամբ ցույց կտանք, որ երկիրը պետք է կառավարվի բոլորի կողմից՝ գաղափարների, կոնկրետ ծրագրերի և ընդունված լավագույն առաջարկների հիման վրա»,- եզրափակեց Արծվիկ Մինասյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս