«Մսով պերաշկիի մասին անեկդոտը հիշեք, պարոն վարչապետ, որը ժամանակին պատմում էիք, նայեք՝ հանկարծ այդ իրավիճակում չհայտնվեք». Գևորգ Գորգիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ այսօր ունեցած իր ելույթում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նախ նշեց, որ ավելի առարկայական ու կետային ելույթ էր պատրաստել, բայց վարչապետի ելույթից հետո ստիպված եղավ կոնցեպտուալ փոփոխություններ կատարել իր ելույթի մեջ՝ նշելով՝ վարչապետն իր Կառավարության ծրագիրը ներկայացրեց շատ էմոցիոնալ, քաղաքական, գրեթե իր հանրահավաքային ելույթների պես, բայց այդ ելույթի մեջ առարկայական ոչինչ չկար։

«Դուք բերել եք Կարեն Կարապետյանի կառավարության նախագծին մոտ նախագիծ, և Դուք անցած տարի խստագույնս քննադատում էիք այդ նախագիծը՝ անվանելով այն կենաց։ Հնչեցված հարցերին ու մտահոգություններին տալիս եք նույնքան խուսանավող, երբեմն՝ նաև արհամարհանքով, հեգնանքով ու մուննաթով համեմված պատասխաններ, խոսում էիք սուպերվարչապետական համակարգի վերացման մասին, հիմա ասում եք՝ այո, պետք է վերացնել, բայց՝ հետո։ Ու սրան զուգահեռ՝ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը՝ վարչապետին առընթեր մարմիններ, ՊԵԿ-ը՝ կառավարության ենթակա մարմին։ Դա մեզ քիչ էր, հիմա էլ Սփյուռքի նախարարությունը լուծարվում է, փոխարենը՝ ստեղծվում է վարչապետին առընթեր հանձնակատարի ինստիտուտ՝ էլ ավելի խորացնելով սուպերվարչապետական համակարգը»,- դիմելով վարչապետին՝ ասաց Գ. Գորգիսյանը։

Վերջինս հիշեց նաև, որ մեկ տարի առաջ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը շեշտում էր, թե որքան կարևոր է պատերազմող և շրջափակման մեջ գտնվող երկրի համար ազգային ավիափոխադրող ունենալը, իսկ այսօր Կառավարության օրակարգում չկա նման հարց։

Կարդացեք նաև

«Խոսում եք պարենային անվտանգության մասին, բայց գյուղատնտեսական ոլորտի զարգացման տեսլական չկա ծրագրում։ Այդ մասին հարց ենք տալիս, ասում եք՝ պատգամավորի մասին էլ չկա, բայց հո մանդատը չե՞ք դնելու, աշխատելու եք։ Փաստորեն, գյուղացուն ուղերձ ենք տալիս, թե՝ գնացեք, աշխատեք, ապահովեք երկրի պարենային անվտանգությունն ու Կառավարության վրա ոչ մի հույս մի դրեք։ Ասում եք՝ կոռուպցիան վերացել է, բայց մենք ունենք Հարկային օրենսգիրք և մաքսային ընթացակարգեր, որոնք ամբողջությամբ ստեղծված են եղել կոռուպցիա ապահովելու համար։ Ուղղակի գնացեք, հենց այսօր գնացեք ու տեսեք, թե ինչեր են կատարվում հարկային ու մաքսային մարմիններում»,- շարունակեց ԱԺ պատգամավորը։

Նա տարակուսեց նաև, որ, երբ հարցնում են զինծառայողների սոցիալական վիճակի բացերի մասին, վարչապետն ասում է, որ լուրջ բարեփոխումներ են արվել, ու նշում եք վարկերի վերակազմավորումը։ Գորգիսյանի կարծիքով՝ դա բարեփոխում չէ, այլ չարափոխում, որովհետև, եթե քաղաքացին ամսական ավելի քիչ է վճարում, ավելի երկար է վճարում, և արդյունքում՝ ավելի շատ տոկոսներ։ Եվ սա առանց կառավարության միջամտության էլ կարվեր, որովհետև հիմա բանկերը մրցակցության արդյունքում բազմաթիվ նմանատիպ փաթեթներ են առաջարկում քաղաքացիներին։

Գ. Գորգիսյանը նշեց նաև, որ վարչապետն ասում է, թե զինծառայողների համար հիպոթեքային լավ ծրագրեր են մշակվում, բայց այդ մարդիկ հիպոթեք չեն ուզում, քանի որ մտածում են, որ զոհվելու կամ հաշմանդամ դառնալու դեպքում այդ բեռը մնալու է իրենց ընտանիքների ուսերին։

Խնդրահարույց է նաև թոշակառու և բնակարան չստացած զինծառայողներին 5 միլիոն դրամ փոխհատուցում տալու հարցը, քանի որ զինծառայության ընթացքում բնակարաններ վարձելով՝ այդ մարդիկ դրանից շատ գումարներ են ծախսել, ու հիմա, փաստորեն, վերադարձվում է այդ գումարի մի մասը։

«Գազի գնից ենք հարցնում, ասում եք՝ Ռուսաստան-«Գազպրոմ», այնինչ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ճիշտ աշխատելու դեպքում, մինչև 30% կարող է նվազեցնել գազի գինը, և դրա համար, պարոն վարչապետ, կան հաշվարկներ։ Տնտեսական հեղափոխություն եք խոստանում, բայց ասում եք՝ Կառավարությունը միայն դրա մասնակիցն է լինելու։ Քաղաքացիներին ասում եք՝ տնտեսական ակտիվիստ չդարձաք, տնտեսական հեղափոխություն չենք անելու, ՀԴՄ չպահանջեք, վթարային շենքը չենք կառուցելու, էդպես է, ոնց կարող եք՝ ապրեք։ Այդ դեպքում ո՞վ է լինելու տնտեսական հեղափոխության պատասխանատուն, հեղինակը։ Վաղը մենք ումի՞ց պահանջենք՝ այդ հեղափոխությունը եղա՞վ, թե՞ չէ»,- հավելեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամը։

 «Երբ անընդհատ խոսում եք 70% ձայն հավաքելուց, հիշեք, որ 1991թ. Լևոն Տեր-Պետրոսյանը 83% ձայն ուներ, և նաև հիշեք, թե ինչպես ժողովուրդը հետո հիասթափվեց»

Գևորգ Գորգիսյանն ասաց նաև, որ զարմանալի է, երբ վարչապետն ասում է, թե կարևոր չեն թվերը, կամ դուք մեզ մի ասեք, թե Կառավարության ծրագիրն ինչպիսի՞ն պետք է լինի, կամ քաղաքացին է մեղավոր, որ լավ չի ապրում, գաղջ մթնոլորտ է ստեղծում։ Եվ տրված հարցերին վարչապետի պատասխաններից տպավորություն է ստեղծվում, որ այն մարդը, որը վարչապետի համար տեքստեր է գրում, որոնցից նա տպավորություն է ստանում, թե Սերժ Սարգսյանի համար են դրանք գրված, հենց նույն մարդն էլ նրան տեղեկացնում է, թե ինչ է կատարվում երկրում՝ երևի թե այսպես՝ «ամեն ինչ հրաշալի է, մարդիկ երջանիկ են, միայն այս կեղտոտ ընդդիմությունն է կռռում, որ երկրում մի վատ բան լինի»։

«Պարոն վարչապետ, «Իմ քայլի» հարգելի գործընկերներ, ես ուզում եմ՝ ճիշտ հասկանանք իրար։ Մենք չենք ուզում, որ դուք ձախողվեք։ Մենք ուզում ենք իրական փոփոխություններ, մենք ուզում ենք, որ դուք կարողանաք իներցիան հաղթահարել, և երկիրը ռեալ առաջ գնա, ուզում ենք հին ավանդույթներից հրաժարվել։ Ուզում ենք քաղաքական նոր ավանդույթներ ձևավորել, քաղաքական դաշտը կայացնել ու մաքրել, ժողովրդավարական ինստիտուտներ հիմնել և եղածները զարգացնել, ուզում ենք քաղաքացիների հուսալքությունը բացառել։ Այս ամենը Դուք խոստացել էիք, խոստացել եք հեղափոխության օրերին, խոստացել եք առաջին անգամ վարչապետ չընտրվելիս, խոստացել եք առաջին անգամ վարչապետ ընտրվելիս, խոստացել եք երկրորդ անգամ վարչապետ չընտրվելիս,  խոստացել եք երկրորդ անգամ վարչապետ ընտրվելիս, խոստացել եք քարոզարշավի ժամանակ։ Հիմա Կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակն է, երբ այդ ամենը պետք է միս ու արյուն ստանար, բայց դրա որևէ նախանշան չկա։

Տպավորություն է, որ մի քիչ թերագնահատում եք այս ամբիոնն ու Ձեր ուսերին եղած բեռը, պարոն վարչապետ, որովհետև ամբողջ բեռը հենց Ձեր ուսերին է։ Խոսում եք ԱԺ մեծամասնության, Կառավարության բարձր լեգիտիմության մասին, բայց այդ բարձր լեգիտիմությունը, հասկանում ենք, չէ՞», որ միայն Ձեզանով է պայմանավորված, պարոն վարչապետ։ Եվ Կառավարության ծրագրի իրականացման ու երկրում հաջողությունների գրանցման միակ պատասխանատուն էլի Դուք եք»,- եզրափակեց Գևորգ Գորգիսյանը՝ մինչ այդ նկատելով, որ, երբ անընդհատ խոսում են 70 % ձայն հավաքելուց, վարչապետը թող հիշի, որ 1991թ. Լևոն Տեր-Պետրոսյանը 83% ձայն ուներ, և ինքը չի ուզում այժմ հիշեցնել, թե ինչպես ժողովուրդը հետո հիասթափվեց՝ խնդրելով չկրկնել նախորդների սխալները ու չանտեսել փոքրամասնության ձայնը, քանի որ վարչապետը շատ լավ գիտի, որ դա կարող է հղի լինել վտանգներով։

Ելույթի վերջում Գևորգ Գորգիսյանը կրկին մեջբերելով Փաշինյանի խոսքերը՝ նշեց.

«Տնտեսական հեղափոխություն եք խոստանում, բայց ասում եք, որ Կառավարությունը դրա մասնակիցն է լինելու միայն… Ասում եք, որ եթե քաղաքացին ՀԴՄ կտրոն չպահանջի, ապա վթարային շենքերը չեք կառուցի… բա մենք ումի՞ց պահանջենք պատասխանատվություն, ո՞վ է պատասխան տալու տնտեսական հեղափոխության ձախողման համար…  Ենթադրենք, ԱԺ-ն հաստատեց կառավարության ծրագիրը: Այդ ծրագրում 95 անգամ հանդիպում է՝ «պետք է», և 33 անգամ՝  «անհրաժեշտ է» արտահայտությունը: Մեկ տարի հետո մի բան հարցնենք, էլի ասելու եք՝ «պե՞տք է»… մսով պերաշկիի մասին անեկդոտը հիշեք, պարոն վարչապետ, որը ժամանակին պատմում էիք, նայեք՝ հանկարծ այդ իրավիճակում չհայտնվեք»:

Տեսանյութեր

Լրահոս