Բաժիններ՝

«Թթվասերի մեջ կոսմետիկայի համար նախատեսված յուղեր են օգտագործում». Ռուբեն Հայթյան

«Վերջին տարիներին մեր արտադրողները, երբ որ անցան կամավոր ստանդարտների՝  այսինքն, արտադրողը պետք է ստանդարտ մշակի իր համար ընդունելի տարբերակով, սկսեցին ավելի անորակ ապրանքներ արտադրել: Իհարկե, կան լավ արտադրողներ նույնպես, բայց մեծ մասը գցել է իր արտադրանքի որակը»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:

«Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ, մոնիտորինգի և մարքետինգային հետազոտությունների բաժնի պետ Ռուբեն Հայթյանն էլ նշեց.

«Վերջին 1-2 տարիների ընթացքում ոնց որ մի տեսակ «թոզ փչեն» հասարակության, սպառողների աչքերին: Առաջին հերթին խնդիր է անընթեռնելի մակնշումը: Հատկապես թթվասերի շուկան այսօր  շատ կասկածելի է: Օրինակ՝ կաթնային յուղի փոխարեն՝ օգտագործված է բուսական յուղ:  12-13 տեսակ բուսական յուղեր կան. ո՞ր բուսական յուղն են օգտագործել: Ինչո՞ւ չեն գրում, որ սոյայի կամ կոկոսի յուղ են օգտագործում, որոնք նախատեսված են  կոսմետիկայի համար: Իսկ մարդու օրգանիզմի համար սա հեշտ մարսվող չէ: Այսինքն, էժան բուսական յուղերի խառնուրդ են մեծ մասամբ օգտագործում և ստանում են թթվասերային մթերք, իսկ հասարակ քաղաքացին սա չի կարող տարբերել: Ընդհանուր գրված է, որ կաթնայուղի փոխարեն՝ օգտագործվել է բուսական յուղ: Դա կոպիտ խախտում է: Հասարակությանը զգուշացնում ենք ուշադիր լինել և կարդալ: Ինչո՞ւ պետք է թթվասերի համար գումար վճարենք, բայց ուտենք այլ մթերք»:

Կարդացեք նաև

Երկրորդ խնդիրը, բանախոսների փոխանցմամբ՝ չոր կաթի ներկրումն է:

«Ներկրում են չոր կամ, ժողովրդի լեզվով ասած՝ փոշի կաթ, սակայն այդ մասին չեն նշում: Բայց միգուցե մարդիկ կան, որոնց հակացուցված է այդ չոր կաթից պատրաստված կաթնամթերքը: Արտադրողը պարտավոր է այդ մասին գրել, ինչպես նաև նշել, թե որտեղի չոր կաթն է: Ցավոք, մենք տեղեկություն ունենք, որ Հայաստան հիմնականում էժան չոր կաթ ներկրում են Ուկրաինայից, իսկ աշխարհում իրեն հարգող ոչ մի պետություն Ուկրաինայից սննդամթերքի հումք չի  տանում: Չեռնոբիլի ատոմակայանի վթարից հետո ընդերքը վնասված է: Իշխանությանը հորդորում ենք՝ այս ամենին ուշադրություն դարձնել, քանի որ ժողովրդի առողջության հարցն է»,- նկատեց Ռուբեն Հայթյանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս