Բաժիններ՝

ՀՀ կառավարությունը կքննարկի դատավորներին սոցիալական փաթեթի շահառուների ցանկում ներառելու հարցը

ՀՀ կառավարությունն առաջիկա նիստում կքննարկի դատավորներին սոցիալական երաշխիքների ապահովման հետ կապված նախագիծ: Դրանով դատավորները կներառվեն սոցիալական փաթեթի շահառուների ցանկում: Այս մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հարցին:

Պատգամավորը հետաքրքրվեց կառավարության ծրագրի շրջանակում դատական իշխանության անկախության և սոցիալական երաշխիքների ստեղծման մասին:

Նիկոլ Փաշինյանը նշեց` կար ժամանակ, երբ դատավորների աշխատավարձերը հայաստանյան չափանիշներով շատ բարձր էին համարվում: Բայց հիմա դա այդպես չէ: «Եվ դատավորների սոցիալական երաշխիքների հարցը գալիս է օրակարգ: Մենք մտադիր ենք այդ հարցը լրջորեն քննարկել: Սակայն հավասարակշռությունների մեխանիզմ կա, որ պետք է ապահովենք: Կառավարության առաջիկա նիստի օրակարգում մենք դատավորների սոցիալական երաշխիքների հետ կապված նախագիծ ունենք: Դրանով նրանց ներառում ենք սոցիալական փաթեթների շահառուների ցուցակում»,-ասաց վարչապետն ու հավելեց` դա կարևոր հանգամանք է:

Նա ևս մեկ անգամ արձանագրեց իրենց քաղաքական թիմի կամքը, որ Հայաստանում պետք է  լինի անկախ դատական համակարգ, նաև վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմները պետք է գործեն: Վարչապետը տեղեկացրեց, որ կառավարությունը հիմա քննարկում է նաև նոտարներին փոքր վեճերի կարգավորման լիազորություններ ընձեռելու հարցը, որով դատական համակարգի ծանրաբեռնվածությունը կնվազի:

Դատական համակարգի նկատմամբ հրապարակային և ոչ հրապարակային միամտությունների մասին Փաշինյանն ասաց` կարծում է, որ հրապարակային դրսևորումները շատ նուրբ գիծ ունեն: «Մենք մի կողմից պետք է ապահովենք ժողովրդավարությունը և մարդկանց արտահայտվելու իրավունքը: Բայց մյուս կողմից որևէ կերպ չպետք է սահմանափակվի դատական համակարգի անկախությունը և փաստաբանների գործունեությունը»,-նշեց նա:

Այս առումով կառավարության դիրքորոշումը հետևյալն է` փաստաբանական գործունեության համար հստակ երաշխիքներ պետք է լինեն: Փաշինյանը շեշտեց` որևէ փաստաբան որևէ անձի պաշտպանելիս չպետք է ատելության առարկա դառնա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս