ԱՄՆ-ի պետական պարտքը հասել է 22 տրլն դոլարի ռեկորդային նշագծին
ԱՄՆ-ի պետական պարտքը հասել է 22,01 տրլն դոլար նոր ռեկորդային նշագծին: Համապատասխան տվյալները տարեկան հաշվետության մեջ փետրվարի 12-ին տարածել է երկրի ֆինանսների նախարարությունը։
Թիվը, որը բերված է փաստաթղթում, արտացոլում է պետպարտքի վիճակը փետրվարի 11-ի դրությամբ: Ինչպես հունվարի սկզբին հայտնել է CNN հեռուստաընկերությունը, որը վերլուծել է ֆինանսների նախարարության տվյալները, ԱՄՆ-ի պետական պարտքը Դոնալդ Թրամփի նախագահության երկու տարվա ընթացքում (2017 թվականի հունվարի 20-ից) ավելացել է ավելի քան 2 տրլն դոլարով:
Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների համաձայն՝ ԱՄՆ-ի պետպարտքը 2017 թվականին ՀՆԱ-ի 108 տոկոսից 2023 թվականին կաճի ՀՆԱ-ի մինչեւ 117 տոկոսը: Բարաք Օբամայի նախագահության ութ տարվա ընթացքում ԱՄՆ-ի պետական պարտքն աճել Է ավելի քան 9 տրլն դոլարով եւ հասել գրեթե 20 տրիլիոնի նշագծին:
Ամերիկացի տնտեսագետներն սպասում են, որ 2026 թվականին այդ թիվը կարող է աճել մինչեւ 30 տրլն դոլար: Երկրի համախառն ներքին արդյունքը ներկայում գնահատվում է մոտավորապես 19,5 տրլն դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: