«Գյուղը հայաթափ են անում, էլի, թե հիմա սա «Սորոսի» ծրագի՞րն է, թե՞ մեկ այլ ծրագիր՝ չգիտեմ». Հրաչ Բերբերյան
«Ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքով, եթե այսօր կառավարությունում աշխատող երիտասարդները պետք է որոշեն երկրի ստրատեգիան այն կամ այն ոլորտում, ապա նշանակում է, որ ձախողելու են բոլոր ծրագրերը։
«Այ մարդ, ես ինչպե՞ս ասեմ, տգետները չեն կարող ոչինչ ստեղծնել, նրանք երկիրն առաջ չեն տանելու։ Նայում եմ այսօրվա կառավարության ներկայացուցիչների կենսագրությունը, բան չկա գրած, մի քանի անգամ բանկերի միջանցքներում են ման եկել ու այսօր արդեն պետական լուրջ գործիչ են, կամ ինչ-որ արտասահմանյան ծրագրով գումար են ստացել ու այսօր դարձել խոշոր բնագավառի ղեկավար։ Հայտարարում են, թե կոռուպցիայի դեմ ենք պայքարում, բայց այսօր շատ լավ տեսնում ենք, թե այդ «դեղնակտուցներն» ամեն օր ինչ կոստյումներ են փոխում, այդ ինչպե՞ս են պայքարում»,- ասաց Հրաչ Բերբերյանը։
Ըստ նրա, եթե լավագույն մեքենան տան այնպիսի վարորդի, որը չունի վարորդական իրավունք, տանելու է` մեքենան վնասի ու հետո մեղադրի, թե մեքենան էր մեղավոր, այսպիսի վիճակում է նաև այսօրվա կառավարությունը, որը չգիտի, թե ինչ է պետք անել և գործ անելու փոխարեն «կոտրում» է գյուղացու մեջքը, որպեսզի վաղը թողնի ամեն ինչ ու Հայաստանից գնա։
«Գյուղը հայաթափ են անում էլի, թե հիմա սա «Սորոսի» ծրագի՞րն է, թե՞ մեկ այլ ծրագիր՝ չգիտեմ։ Մարդիկ ոչնչից չեն հասկանում, իսկ դեմագոգությամբ ոչինչի չեն հասնի, միայն խոստումներ տալով չէ, պետք է դրանք նաև իրականացնեն։ Օրինակ՝ այսօր գյուղացին հսկայական սերմացուի կարիք ունի, դրա մասին Կառավարությունը տեղյա՞կ է։ Մի նախարարություն կար, որ գյուղացին գնում էր իր խնդիրների մասին բաձրաձայնելու, դա էլ փակելու են, վերջ, որևէ տեղ չունի գնալու։
Կարծում եմ՝ գործը հասնելու է նրան, որ գյուղացիները փողոցները փակելու են, եթե, իհարկե, մի տարի հետո գյուղերում մարդիկ մնան։ Եթե գյուղոլորտն այսպես անտեսվի, բնական է, ներկրումը կավելանա, և չզարմանաք, որ հաջորդ տարի թուրքական կարտոֆիլ էլ ուտենք»,- շեշետեց Հրաչ Բերբերյանը։
Զվարթ Խաչատրյան