«Մանչեսթեր Յունայթեդ»-ՊՍԺ. Խաղից առաջ
«Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայի դադարի ընթացքում այս զույգի աութսայդերից վերածվել է ֆավորիտի: Կկարողանա՞ն մանչեսթերցիներն իրենց հաջող խաղը շարունակել նաև Չեմպիոնների լիգայում:
Հնարավոր է, որ սա ամենաանկանխատեսելի և ամենալարված զույգը կլինի 1/8 եզրափակչում: Սակայն ինչ է պետք սպասել այս խաղից, հարցական է:
ՊՍԺ-ում, կարծես, ամեն ինչ կարգին է: Տուխելն ընկերացել է Նեյմարի հետ, վստահում է երիտասարդներին, փոխում է տակտիկաները, որպեսզի թիմը պատրաստ լինի խաղալ բոլոր մրցակիցների հետ: Տուխելն այնքան տարբեր դիրքերում փորձարկեց Նեյմարին, Մբապեին և Կավանիին, որ կարծես թե գտել է նրանց խաղի իդեալական կոմբինացիան: Առաջին խաղում, սակայն, Նեյմարը չի լինի: Տուխելը կրկին պետք է փոփոխությունների դիմի:
Ի՞նչ սպասել անգլիական ակումբից, ոչ ոք չի կարող ասել: Սա արդեն Մոուրինիոյի թիմը չէ: Թիմում փոխվել է տրամադրությունը, վստահաբար կփոխվի խաղային սխեման և ֆուտբոլիստների հոգեբանական վիճակը:
Շաբաթներ առաջ կարելի էր ասել, որ այս զույգի ակնհայտ ֆավորիտը ՊՍԺ-ն է, բայց մանչեսթերյան ակումբի նոր մարզչական շտաբը կարող է հաճելի անակնկալներ մատուցել երկրպագուներին:
«Մանչեսթեր Յունայթեդ»
«Մանչեսթեր Յունայթեդը» չկարողացավ հաղթել խմբում՝ առջևում թողնելով «Յուվենթուսին» և իր ակտիվում ունենալով ութ միավոր:
Այնուամենայնիվ, Ժոզե Մոուրինիոյի «Մանչեսթեր Յունայթեդի» համար նույնիսկ նման արդյունք կարող է համարվել մեծ հաջողություն, քանի որ թիմն այդ ժամանակ որակյալ ֆուտբոլ չէր ցուցադրում:
Սուլշերի գլխավորությամբ թիմի խաղը փոխվել է: Մանչեսթերցիները չեն պարտվում արդեն 11 խաղ անընդմեջ:
Հիմա Պրեմիեր լիգայում Չեմպիոնների լիգայի գոտում մրցաշրջանն ավարտելը մանչեսթերյան ակումբի համար երազանք չէ: Հիմա Սուլշերի թիմը չորրորդն է, սակայն հիմնական մրցակից «Չելսին» մեկ խաղ պակաս է անցկացրել:
Այս խաղին վստահաբար չեն մասնակցի Մատեո Դարմիանը, Անտոնիո Վալենսիան և Մարկոս Ռոխոն:
ՊՍԺ
ՊՍԺ-ն հայտնվել էր շատ բարդ խմբում, որտեղ փլեյ-օֆֆի ուղեգրի համար պայքարում էին նաև «Լիվերպուլն» ու «Նապոլին»: Արդյունքում՝ Թոմաս Տուխելի թիմն անգլիացիների հետ դուրս եկավ հաջորդ փուլ, որտեղ կհանդիպի մեկ այլ անգլիական գրանդի:
Ֆրանսիայի առաջնությունում ՊՍԺ-ն չունի ոչ մի խնդիր: Երկրորդ հորիզոնականը զբաղեցնող թիմին ՊՍԺ-ն գերազանցում է 13 միավորով, բացի այդ, ունի մեկ պակաս հանդիպում:
Վերջին տուրում ՊՍԺ-ն շատ ջանքեր չգործադրեց: Համեստ «Բորդոյի» դարպասը գրավեց միայն Էդիսոն Կավանին՝ 11-մետրանոց հարվածով:
ՊՍԺ-ի համար մեծ կորուստ է, իհարկե, Նեյմարը: Մարկո Վերատին ևս կարող է բաց թողնել այս հանդիպումը:
Վիճակագրություն և անձնական հանդիպումներ
- «Մանչեսթեր Յունայթեդը» չի պարտվել 11 խաղ անընդմեջ՝ 10 հաղթանակ և 1 ոչ-ոքի
- Այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ անցկացրել է 17 խաղ: Այդ 17 խաղերում մանչեսթերցիները պարտվել են 2 անգամ:
- Վերջին 3 հանդիպումներում ՊՍԺ-ն հաղթել է միայն մեկ անգամ
«Մանչեսթեր Յունայթեդը» զգալիորեն փոխվել է Սուլշերի գալուց հետո: Այն աստղերը, որոնք խամրել էին Մոուրինիոյի գլխավորությամբ, կրկին սկսել են վստահ զգալ իրենց: Սուլշերը գրեթե խնդիրներ չունի կազմի հետ: 10 հաղթանակ՝ 11 խաղում. սա արդյունք է, որի հետ փարիզյան ակումբը պետք է հաշվի նստի:
ՊՍԺ-ն կորցրել է Նեյմարին և Վերատիին, որոնց փոխարինելը շատ դժվար է; Այս մասին շատ հաճախ խոսում է հենց թիմի գլխավոր մարզիչ Տուխելը: Հետևելով ՊՍԺ-ի վերջին խաղերին՝ կարող ենք ասել, որ ՊՍԺ-ն ակնհայտորեն պատրաստվում էր Չեմպիոնների լիգայի այս մրցավեճին:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ»-ՊՍԺ հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:45-ին:
Սիրարփի Աղաբաբյան