
Հայաստանում աշխատավարձերից պահվող հարկը բավականին բարձր է. ֆինանսների փոխնախարար

ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը եկամտահարկը բավականին բարձր է համարում: Սա այն պատճառներից մեկն է, որը ստիպել է մտածել համահարթ դրույքաչափ սահմանելու մասին: Այս մասին փոխնախարարն ասաց Հայաստանում անցկացվող «Հարկային համակարգ, արդարություն ու տնտեսության զարգացում» միջազգային համաժողովում:
«Մեր գնահատմամբ՝ Հայաստանում աշխատավարձի հարկը բավականին բարձր է: Այն իր անդրադարձն է գտնում ազգային տնտեսության մրցունակության մեջ այն առումով, որ, երբ ինքնարժեքը ծանրաբեռնվում է աշխատավարձային տողերով, ապրանքը դառնում է ոչ մրցունակ: Բոլոր ներդրողների և միջազգային կառույցների հետ հանդիպման ընթացքում այս հարցը բարձրացվում է: Եվ առաջին ազդակը դա է, որ աշխատավարձից ու դրան հավասարեցված եկամուտներից պահվող հարկերը Հայաստանում բարձր են: Սա այն հիմնական պատճառն է, որ ստիպել է մտածել եկամտային հարկի բեռը նվազեցնելու մասին»,- ասաց Պողոսյանն ու հավելեց, որ դրանով նպատակ ունեն լուծել նաև հեռահար խնդիրներ՝ ազգային արտադրանքը դարձնել ավելի մրցունակ, արտահանման կողմնորոշված ճյուղերի շահութաբերությունը դարձնել ավելի էական։
Փոխնախարարը նշեց, որ աշխարհում ընդունված է հարկման նաև մեկ այլ մեթոդ: Օրինակ՝ եկամուտները ժամանակի ընթացքում հարկվում են ցածր դրույքաչափով, որը ձևավորում է խնայողություններ, դրանց մի մասը վեր է ածվում գույքային միավորների՝ հաստության, ունեցվածքի: Եվ շատ երկրներ սկսում են հարկել այդ հարստությունը՝ գույքահարկով, ժառանգության հարկով և այլն:
«Հիմա ընտրության հարց է՝ կամ շարունակել կիրառել աշխատավարձի բարձր հարկային բեռ և ունենալ չկայացած գույքային հարկերի համակարգ, կամ փնտրել այլ ճանապարհ՝ եկամտային հարկի բեռը նվազեցնել և ուշադրությունը կենտրոնացնել գույքային հարկերի ներուժը ողջ ծավալով օգտագործելուն»,-եզրափակեց Պողոսյանը։