Ինչպե՞ս ընդունվել Գերմանիայի համալսարաններ
Hotcourses.ru կայքը գրում է. այսօր շատ ու շատ ուսանողներ շարունակում են իրենց ուսուցումը Գերմանիայում: Դա պայմանավորված է ուսման վարձերի մատչելիությամբ, Եվրոպայում մնալու և աշխատանք գտնելու հնարավորությամբ, բացի այդ՝ գերմանական համալսարանների ընդունելության գործընթացը բավականին հեշտ և պարզ է:
Գերմանիայի ի՞նչ ուսումնական հաստատություններ կարող եք ընդունվել
Կախված նրանից, թե Դուք ինչ ակադեմիական փորձ և որակավորում ունեք, կարող եք ընդունվել կամ գերմանական համալսարան, կամ քոլեջ (Studienkolleg), որը ուսանողներին նախապատրաստում է համալսարաններում սովորելուն:
Ովքե՞ր կարող են դիմել համալսարան
- Ուսանողը, որն իր առաջին բարձրագույն կրթությունը ստացել է Գերմանիայում, Հայաստանում կամ այլ երկրում,
- Ուսանողը, որն իր դպրոցի ավարտական վկայականը (ատեստատ) ստացել է 2014 թվականին կամ ավելի վաղ և նույն մասնագիտությամբ երկու տարուց ոչ պակաս սովորել է Հայաստանի կամ այլ երկրի համալսարանում,
- Ուսանողը, որն իր դպրոցի ավարտական վկայականը (ատեստատ) ստացել է 2015 թվականին կամ ավելի ուշ և մեկ տարուց ոչ պակաս սովորել է Հայաստանի կամ այլ երկրի համալսարանում:
Մնացած բոլոր դեպքերում, օրինակ, եթե Դուք նոր եք ավարտել հայկական դպրոցը և այլևս ոչ մի ուրիշ տեղ չեք սովորել, Դուք պետք է սկզբում սովորեք գերմանական համալսարանում սովորելուն նախապատրաստող քոլեջում:
Ընդունելության համար պահանջվող փաստաթղթերը
Գերմանական համալսարաններ ընդունվող օտարերկրյա ուսանողներն ընդունելության փաստաթղթերը պետք է հանձնեն միանգամից տվյալ ուսումնական հաստատություն:
Ընդունելության փաստաթղթերի ստանդարտ թղթապանակն իր մեջ ներառում է.
- անձնագրի պատճեն,
- 3×4 ֆորմատի լուսանկար,
- ընդունելության հայտի ձևաթուղթ (ըստ համալսարանի պահանջի),
- դպրոցի ավարտական վկայական (ատեստատ),
- դպրոցի առարկաները և գնահատականները ներկայացնող գրքույկ (транскрипт),
- միջին մասնագիտական-տեխնիկական ուսումնարանի դիպլոմ կամ համալսարանի դիպլոմ,
- լեզվի քննության հավաստագիր (գերմաներեն կամ անգլերեն):
Կախված Ձեր ընտրած համալսարանից և ծրագրից՝ այս ցուցակը կարող է համալրվել հավելյալ պահանջներով: Օրինակ, գեղարվեստի բուհ ընդունվելու համար Ձեզանից կարող են պորտֆոլիո պահանջել:
Համալսարանի ընդունելության պահանջների ցուցակում կարող են ներառվել նաև երաշխավորության նամակները, մոտիվացիոն նամակները, ուսանողական ռեզյումե և այլն: Ընդունելության փաստաթղթերի ճշգրիտ ցուցակի մասին տեղեկությունը կարելի է գտնել ընտրված ուսումնական հաստատության կայքում:
Ինչպե՞ս ստանալ լեզվի հավաստագիրն ընդունվելու համար
Գերմանական համալսարաններում առարկաներն անցնում են գերմաներենով և անգլերենով: Բակալավրիատի ուսումնական ծրագրի մեծ մասը գերմաներենով է, իսկ ահա մագիստրատուրայի և դոկտորականի ուսանողներին անգլերենով հասանելի են շատ տարբեր դասընթացներ:
Եթե Դուք ցանկանում եք գերմանական համալսարանում սովորել անգլերեն ծրագրով, որպես լեզվի հավաստագիր՝ պետք է ներկայացնեք IELTS կամ TOEFL հավաստագրերը՝ կախված բուհի պահանջներից:
Գերմաներեն ծրագրով սովորելու համար օտարերկրյա ուսանողները հանձնում են ավանդական DSH կամ TestDaF քնությունները: Ուսումնական հաստատություններն ընդունում են նաև Goethe Zertifikat հավաստագիրը:
Լեզվի քննությունը հանձնելուց հետո օտարերկրյա ուսանողի համար որոշվում է իր լեզվի մակարդակը A-C2 սանդղակի համաձայն, որտեղ A-ն լեզվի տարրական իմացությունն է, իսկ C2-ը՝ կատարյալ իմացությունը: Գերմանիայի համալսարանների մեծ մասն ընդունելության համար պահանջում է C1 մակարդակի, իսկ նախապատրաստող քոլեջները՝ B1 մակարդակի գերմաներենի իմացություն:
Գերմաներենի քննությանը կարելի է պատրաստվել ինքնուրույն կամ գերմանական համալսարաններում հատուկ լեզվի դասընթացների միջոցով: Այս դասընթացներին մասնակցելու համար ընդունում են A1-A2 մակարդակ ունեցող ուսանողներին, դասընթացներն անցկացվում են այնպիսի ուսումնական հաստատություններում, ինչպիսիք են՝ Մյունխենի Լյուդվիգի և Մաքսիմիլիանի անվան համալսարանը, Լայպցիգի համալսարանը, Դորտմունդի տեխնիկական համալսարանը:
Ե՞րբ ներկայացնել փաստաթղթերը
Գերմանական համալսարանների մեծ մասն ուսանողների հավաքագրում իրականացնում է տարին երկու անգամ։ Ի դեպ, ուսուցումը սկսվում է ձմռանը և ամռանը:
Ընդունելություն ձմեռային կիսամյակում
Ձմեռային կիսամյակը սովորաբար տևում է սեպտեմբերից փետրվար կամ հոկտեմբերից մարտ: Փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետը հիմնականում հուլիսի 15-ն է, բայց ուսանողներին խորհուրդ է տրվում փաստաթղթերը հանձնել մայիսին:
Ընդունելություն ամառային կիսամյակում
Ամառային կիսամյակը սովորաբար տևում է ապրիլից սեպտեմբեր կամ մարտից օգոստոս՝ կիրառական գիտությունների համալսարանների համար: Փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետը հիմնականում հունվարի 15-ն է, բայց ուսանողներին խորհուրդ է տրվում փաստաթղթերը հանձնել դեկտեմբերին:
Ի՞նչն է կարևոր իմանալ
Կարևոր է հիշել, որ ուսանողների ընտրությունը հիմնվում է մրցույթի վրա, այդ պատճառով շատ հաճախ համալսարաններն ընտրության համար գնահատման լրացուցիչ չափանիշեր են օգտագործում: Օրինակ, Ձեզ կարող են խնդրել հարցազրույց անցնել, մոտիվացիոն նամակ դնել փաստաթղթերի հետ, կամ նույնիսկ թեստավորում անցնել: Ուսանողների ընտրության համար նախատեսված չափանիշերի մասին տեղեկություն կարելի է գտնել տվյալ ուսումնական հաստատության կայքում:
Խորհուրդներ ուսանողներին Hotcourses.ru կայքից
Հետևե՛ք մեր պարզ խորհուրդներին, որպեսզի հենց առաջին փորձից ընդունվեք գերմանական համալսարան:
- Որքան հնարավոր է շո՛ւտ հանձնեք Ձեր փաստաթղթերը (ամենաքիչը վերջնաժամկետից 6 շաբաթ առաջ):
- Հնարավորին չափ շա՛տ համալսարաններ դիմեք, շատ տարբեր ծրագրերի, որպեսզի Ձեր ընդունելության հնարավորություններն ավելի մեծ լինեն:
- Կենտրոնացե՛ք քիչ հայտնի քաղաքների վրա՝ Ձեր հնարավորությունները մեծացնելու համար:
- Համբերատա՛ր եղեք։ Չէ՞ որ պատահում է՝ ուսանողը 2 ամիս լուրի է սպասում համալսարանից:
- Մի՛ հանձնվեք: Եթե ինչ-ինչ պատճառներով Ձեզ չի հաջողվել ընդունվել ձմեռային կիսամյակում, այս անգամ դիմեք ամառայինի համար:
Հրապարակման պատրաստեց Նվարդ Հովսեփյանը