
ԲՀԿ-ն ՀՀ կառավարության ծրագրին կողմ քվեարկել չի կարող, եթե այն չփոխվի. Գագիկ Ծառուկյան

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ՀՀ կառավարության ծրագրին կողմ քվեարկել չի կարող, եթե այն չփոխվի: Այս մասին փետրվարի 12-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«Շատ գեղեցիկ է գրված, կամեցողությամբ ու ցանկություններով լի: Չեմ թաքցնում, կա 2-3 դրույթ, որի իրականացման դեպքում ժողովուրդը կզգա դրական փոփոխություններ իր կյանքում: Եղել է հեղափոխություն, այսօր պետք է լինի արդեն տնտեսական հեղափոխություն։ Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չէ, եթե չփոխվի, ուրեմն մենք կողմ քվեարկել չենք կարող»,- ասաց Ծառուկյանը։
Գագիկ Ծառուկյանը նշեց, որ տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ են գումարի աղբյուրներն ու դրանց հայթայթման մեխանիզմը, սակայն դրանք ծրագրում նշված չեն:
«Հենց այնպես ներդրում չի կարող լինել։ Չենք գնալու մարդկանց խնդրենք՝ եկեք, դրեք։ Ներդրման համար անհրաժեշտ է, որ օրենքներ ու պայմաններ փոխվեն։ Ներդրողները պետք է համեմատական կարգով նայեն՝ ինչ պայմաններ են աշխարհի ուրիշ երկրներում, և մերը պետք է ավելի լավ լինի»,- նշեց Գագիկ Ծառուկյանը։