Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
Վարչապետը կարևորել է Եվրոպական միության հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու կառուցողական երկխոսությունը բոլոր ոլորտներում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԵՄ անդամ երկրների կողմից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հնարավորինս սեղմ ժամկետներում վավերացման անհրաժեշությունը և համոզմունք հայտնել, որ այն հնարավորություն կտա նոր թափ հաղորդել փոխգործակցությանն ու կնպաստի մեր երկրում տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը:
Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հաստատակամ է ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ամրապնդման, արդար դատական համակարգի կայացման ուղղություններով համակարգային բարեփոխումների իրականացման գործում և այդ նպատակով կարևորում է ՀՀ-ԵՄ համաձայնագրով նախատեսված օժանդակությունն ու համապատասխան ծրագրերի արդյունավետ իրականացումը:
Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ է նշել, որ արդեն իսկ եվրոպական կողմին է տրամադրվել համաձայնագրի՝ ժամանակավորապես ուժի մեջ մտած դրույթների կիրարկման ճանապարհային քարտեզը, որը նախատեսվում է քննարկել նաև առաջիկայում՝ ԵՄ գործըկներների հետ նախատեսված հանդիպումների ընթացքում:
Տոյվո Կլաարն ընդգծել է, որ ԵՄ-ն ևս մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը և համոզմունք հայտնել, որ երկկողմ փոխգործակցությունը կշարունակի ընդլայնվել նաև համաձայնագրի ժամանակավոր կիրարկմամբ՝ վերը նշված ճանապարհային քարտեզով նախատեսվող միջոցառումների իրականացմամբ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում և կարևորել է Արցախի, մասնավորապես քաղաքացիական հասարակության ներգրավումը վստահության կառուցման միջոցառումներում: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ այն կնպաստի կառուցողական մթնոլորտի ձևավորմանը բանակցային գործընթացում:
Նիկոլ Փաշինյանը և Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային այլ խնդիրների շուրջ: