Արարատի մարզպետն իր քրոջ ամուսնուն տեղավորել է աշխատանքի

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր քրոջ ամուսնուն աշխատանքի է տեղավորել Արտաշատի Ջրօգտագործողների ընկերությունում՝ որպես Վեդու ՋՕԸ-ի պետ: Ինքը՝ 32 ամյա Սահակ Առաքելյանը, ով մինչ այդ երբևէ աշխատանք չի ունեցել, հերքում է իր նշանակման գործում մարզպետի «ամագ» ունենալու հանգամանքը:

 168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ մարզպետի հետ այդ թեմայի շուրջ զրույց չի ծավալել, պարզապես տեսել է՝ թափուր հաստիք կա, զուտ պետությանն օգտակար լինելու անհագ մղումով դիմել է «Արտաշատի» ՋՕԸ, որպեսզի գա ու ժողովրդին ծառայի: Կառավարման փորձի պակասից չկոմպլեքսավորվող նորահայտ պաշտոնյան վստահեցնում է՝ փողի խնդիր չունի, ասում է ՝ «Մոսկվայում թողել եմ քարի 2 սեփական արտադրամասս ու ավտոտեխսպասարկման բիզնեսս, եկել եմ, որպեսզի ծառայեմ ժողովրդիս»:

Հետաքրքրվեցինք՝ այդ դեպքում ինչո՞ւ պետությանն ու ժողովրդին ծառայելու սուրբ գործը չսկսել ավելի բարձր իրավասություն ունեցող օղակներից, մանավանդ, որ աներորդի Գարիկ Սարգսյանի ղեկավարած մարզպետարանում իր նշանակումից հետո աշխատակազմի ղեկավարի հաստիքը թափուր է մնացել, Սահակ Առաքելյանն այսպես պատասխանեց.

«Որովհետև փորձի ու գիտելիքների պակասի հարց կա, ի վերջո, պետական համակարգում պետք էր սկսել մի տեղից»:

Սահակ Առաքելյանը դեռևս պատկերացում չունի, թե ինչ է անելու, որպեսզի հաջողի գործում։ Անցյալ ուրբաթ նշանակվելուց հետո հասցրել է միայն խնդիրները գույքագրել:

Ի դեպ, Սահակ Առաքելյանը մարզպետի բարեկամների շրջանում միակը չէ, ով անուղղակիորեն օգտվել է նրա հետ ունեցած ազգակցական կապերի հանգամանքից: 168.am-ի տեղեկություններով՝ Գարիկ Սարգսյանը մարզպետ նշանակվելուց հետո իր հետ մարզպետարան է բերել առնվազն 3 բարեկամների: Մորաքրոջ հարսը՝ Լիլիթ Միրզախանյանը, ով միաժամանակ կատարում է աշխատակազմի ղեկավարի գործառույթները, նշանակված է մարզպետի խորհրդական, մարզպետի օգնականի հաստիքը զբաղեցնում է Գարիկ Սարգսյանի քեռու տղան՝ Գևորգ Մանուկյանը, իսկ փոխմարզպետներից մեկը մարզպետի կնոջ հորեղբոր աղջկա ամուսինն է:

Օգտվելով առիթից՝ մարզպետարանում բարեկամական կապերի մասին փորձեցինք ճշտել Գարիկ Սարգսյանի քրոջ ամուսնուց, սակայն Սահակ Առաքելյանը ոչ հերքեց, ու ոչ էլ հաստատեց մեր տեղեկատվությունը՝ պատճառաբանելով, թե այսքան ժամանակ մի անգամ է եղել մարզպետարանում՝ Գարիկ Սարգսյանին շնորհավորելու առիթով, հետևապես՝ միջանցքներում խնամիական կապեր ունեցողներին չէր հասցնի հանդիպել:

Սահակ Առաքելյանից հետաքրքրվեցինք, թե ումից և ինչ ծառայության դիմաց է մարզպետ Գարիկ Սարգսյանը «Պրադո» մակնիշի սև «Ջիփ» ավտոմեքենա նվեր ստացել, որով շրջել է հատկապես Նոր տարվա օրերին:

Սահակ Առաքելյանն ասաց, որ դա իրականում իր ջիփն է եղել՝ 2006թ. արտադրության, իսկ մարզպետն օգտվել է իր ավտոմեքենայից միայն այն պատճառով, որպեսզի տոնական օրերին պետական ծառայողական մեքենան չշահագործվի:

Սահակ Առաքելյանը պնդում է, որ մարզի բնակչությունը գոհ է Գարիկ Սարգսյանի աշխատանքից, սակայն պնդումը հիմնավորող որևէ փաստարկ այդպես էլ չկարողացավ վկայակոչել: Դատական մի քանի հայցերով և նախընտրական միջադեպի սկանդալում մարզպետի ներգրավվածությանը փեսան նորմալ է վերաբերվում, ասում է՝ արդարությունը կհաղթի դատարանում:

Հիշեցնենք, հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Արարատի մարզպետ նշանակված Գարիկ Սարգսյանը մինչև կոկորդիլոս բուծելու գաղափարով հայտնի դառնալը ՝ իր «էքսցենտրիկ վարքագծով» աչքի էր ընկել մեկ այլ առիթով: Նա, հեղափոխությունից հետո, միակ պաշտոնյան է, որ առնվազն 6 դատական հայցով ներգրավված է դատական քաշքշուկների մեջ:

Հիշեցնենք, մարզպետի պաշտոնը ստանձնելուց հետո նա իր մոտ էր կանչել Արտաշատի, Մասիսի և Վեդու բժշկական կենտրոնների ղեկավարներին և ազատման դիմումներ գրելու «հանձնարարություն տվել», ինչն էլ այս օրերին մի քանի հայցերով վիճարկվում է դատարաններում:

Սյուզի Բադոյան

Տեսանյութեր

Լրահոս