Վարդենիսում քաղաքապետի թեկնածուն փակել է ճանապարհը և պահանջում է մարզպետի հրաժարականը, իսկ մարզպետը վստահեցնում  է՝ պահանջն անիմաստ է

Այսօր վաղ առավոտից Վարդենիսի քաղաքապետի թեկնածու Գևորգ Սիմոնյանի աջակիցները փակել են Վարդենիս-Երևան ճանապարհը և պահանջում են, որպեսզի հավասար պայմաններ ստեղծվի քարոզարշավ իրականացնելու համար։

Գևորգ Սիմոնյանի խոսքով՝ իրեն թույլ չեն տվել, որպեսզի քարոզարշավի շրջանակներում հանդիպի Վարդենիսի հիվանդանոցի աշխատակազմի հետ։

168.am-ի հետ զրույցում քաղաքապետի թեկնածուն նշեց, որ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն է միջամտել, որպեսզի իրեն թույլ չտան մտնել հիվանդանոց և հանդիպել անձնակազմի հետ։

«Այսօր պետք է հանդիպում ունենայի հիվանդանոցում, մարզպետի անմիջական հրահանգով թույլ չտվեցին իրականացնել այդ հանդիպումը ու ոչինչ չբացատրեցին։ Երեկ տնօրենի հետ պայմանավորվել էինք, որ այսօր պետք է տեղի ունենար հանդիպումը, բայց առավոտյան 30 մեքենայով գնացինք, բայց տնօրենը տեղում չէր, բուժաշխատողները դուրս եկան ու ասացին, որ՝ մարզպետը հրահանգել է ձեզ հետ չհանդիպել։ Դրանից հետո մենք ճանապարհը փակեցինք»,- ասաց Գևորգ Սիմոնյանը։

Նրա խոսքով, եթե այսքանից հետո մարզպետը հրաժարական չտա, ապա քաղաքապետի ընտրությունների օրը՝ փետրվարի 17-ին, տեղամասը փակելու են, և որևէ ընտրություն չի լինի։

Նա նաև տեղեկացրեց, որ Վարդենիս-Երևան ճանապարհը չեն բացելու այնքան ժամանակ, մինչև Կառավարությունից 100 տոկոս երաշխիք չստանան, որ Գեղարքունիքի մարզպետը հրաժարական կտա։

Թեկնածուն համոզված է, որ Գեղարքունիքի մարզպետը ցանկանում է, որպեսզի քաղաքապետ ընտրվի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանը, որը մարզպետի կուրսեցին է եղել, այդ պատճառով էլ մյուս թեկնածուների համար արհեստական խորընդոտներ է ստեղծում։

168.am-ը զրուցեց նաև Գեղարքունիքի մազպետ Գնել Սանոսյանի հետ, ով հավաստիացրեց, որ ընտրություններում որևէ մեկին չի աջակցում և որևէ մեկի համար արհեստական խոչընդոտներ չի ստեղծում։

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Իմ քայլը» դաշինքը Վարդենիսում որևէ թեկնածու չունի։ Ես և մեր թիմը Վարդենիսում որևէ մեկին չենք պաշտպանում։ Բազմիցս փորձել են շահակել, բայց մինչև այսօր չկա որևէ առարկայական փաստ, որ ես կամ իմ թիմի որևէ անդամ միջամտել, պաշտպանել կամ խոչընդոտել ենք որևէ մեկի գործողություններին։ Այստեղ հիմնականում շահարկում են այն փաստը, որ Վարդենիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն իմ համակուրսեցին է եղել։ Հավաստիացում եմ, որ դրանից ավելի ոչինչ չկա, սա ընդամենը հերյուրանք է»,- շեշտեց Գեղարքունիքի մարզպետը։

Ինչ վերաբերում է հիվանդանոցում գրանցված միջադեպին, Գնել Սանոսյանը նշեց, որ մի քանի օր է՝ Հայաստանում չի եղել, վերադարձել է մոտավորապես 1,5 ժամ առաջ, ուստի չէր կարող որևէ կերպ խոչընդոտել քարոզարշավին։

«Որևէ մեկին հանձնարարություն չեմ տվել՝ ինչ-որ մեկին թողնել կամ չթողնել հիվանդանոց։ Որքան հասկանում եմ, մի քանի թեկնածու, այդ թվում՝ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը, հիվանդանոց արդեն գնացել են, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամ համապատասխան մարմինները դրա վերաբերյալ պետք է փաստեր ներկայացնեն կամ պարզաբանումներ տան։ Եթե դա անօրինական է, ապա չի նշանակում, որ բոլորը պետք է շարունակեն։ Բողոքող թեկնածուին ոչ ճանաչում եմ, ոչ էլ իր հետ որևէ անձնական խնդիր ունեմ։ Հիվանդանոցի տնօրենը պարտավոր է իմանալ՝ իր մոտ քարոզարշավ կարո՞ղ են անել, թե՞ ոչ»,- ընդգծեց Գ. Սանոսյանը։

Ինչ վերաբերում է Գևորգ Սիմոնյանի պնդմանը, որ մարզպետը պետք է հրաժարական տա, Գնել Սանոսյանը նշեց, որ այն, ինչ տեղի է ունենում՝ ցանկալի չէ, քանի որ մի քանի ժամ է՝ ճանապարհը փակ է, և հարյուրավոր մարդիկ տուժում են այդ վիճակի պատճառով։
«Ինչ վերաբերում է իմ հրաժարականը պահանջելուն, ուղղակի անիմաստ գործառույթ է, և որևէ կերպ չեմ էլ ուզում մեկնաբանել»,- եզրափակեց Գ. Սանոսյանը։

Հիշեցնենք, որ Վարդենիսի համայնքապետի ընտրությունը տեղի կունենա փետրվարի 17-ին։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս