«Եթե նայում ենք թվերին, ապա այնտեղ հեղափոխության հետք անգամ չկա»». Գագիկ Մինասյանը՝ կառավարության ծրագրի մասին
«Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որպեսզի մենք համեմատենք Կառավարության ներկայացրած այսօրվա ծրագիրն 8 ամիս առաջ ներկայացրած ծրագրի հետ։ Չեմ փորձի թվային համեմատություններ անել, քանի որ նախորդ ծրագրում թվերը բավականին սակավ էին, սակայն բառապաշարի առումով պետք է տեսնենք այն տրանսֆորմացիան, որն 8 ամիսների ընթացում տեղի է ունեցել մեր երկրում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ անդամ, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության ծրագրին։
Նրա խոսքով, եթե 8 ամիս առաջ կառավարության ներկայացրած ծրագրում հեղափոխական զարգացումներն ու առաջընթացը գործնականում վերաբերում էին բոլոր ոլորտներին, ապա նոր ծրագրում իրողությունների ազդեցության տակ ընդամենը մեկ անգամ է նշվում հեղափոխական զարգացման մասին։ Այս ամենը Գ. Մինասյանը համարում է «մահացող էյֆորիայի վերջին ճիչը»։
Նա նշեց, որ որոշ առումով համաձայն է այն վերլուծաբանների հետ, համաձայն որոնց՝ կառավարության ներկայիս ծրագիրը շատ կետերով կրկնում է ՀՀԿ-ի 2017 թվականի ծրագիրը։
«Եթե այստեղ տարբերություն կա, ապա այդ տարբերությունն ավելի շատ վերաբերում է ոչ թե ծրագրի էությանը, այլ տեսքին, քանի որ ծրագրում ավելի շատ են ածականները, մակդիրները։ 2017 թվականին մեր երկիրն արձանագրել է 7, 5 տոկոս տնտեսական աճ, նախորդ տարի՝ 6,5 տոկոս աճ, այն պարագայում, երբ 2018 թվականը սկսեցինք տնտեսական ակտիվության չափազանց բարձր ցուցանիշով՝ 10,7 ցուցանիշով, իսկ տարին ավարտեցինք 5,8 տոկոս տնտեսական աճով։ Եվ առաջիկա հինգ տարիների ընթացքում հեղափոխական տնտեսության արդյունքում՝ 5 տոկոս։ Չեմ կարծում, որ որևէ մեկն իրեն թույլ կտա պնդելու, որ սա իսկապես հեղափոխական տնտեսության աճ է»,- ասաց Գագիկ Մինասյանը։
Ըստ նրա՝ կառավարության ծրագրով նախատեսվում է, որ հինգ տարվա ընթացքում մասնավոր և պետական ներդրումների հարաբերությունը ՀՆԱ-ին պետք է կազմի 23-25 տոկոս, սա էլ՝ այն պարագայում, երբ այսօրվա ցուցանիշը 18 տոկոս է։
«Ինչի՞ մասին է խոսում այն փաստը, որ մենք բառերով ասում ենք՝ տնտեսական հեղափոխություն, իսկ թվերով ասում ենք՝ հազիվ առաջ գնացող տնտեսություն։ Կարծում եմ՝ այստեղ գործ ունենք իրողության և ցանկության անհամատեղելիության հետ, քանի որ մենք բախվեցինք տնտեսագիտության հետ, որն ունի իր կուռ օրենքները։ Հարց է առաջանում, բա ո՞ւր մնաց վարչապետի կախարդական փայտիկը, թե՞ այդ փայտիկն ազդում է միայն հանրային գիտակցության վրա, բա ո՞ւր մնաց կոռուպցիայի ու ստվերի դեմ պայքարը։
Դասագրքային ճշմարտություն է, եթե այդ երևույթները կրճատվում են, ապա հնարավոր չէ, որ ցուցանիշների վրա էական ազդեցություն չունենան։ Մնում է ենթադրել, որ իսկապես չկա լուրջ պայքար ստվերի, կոռուպցիայի և մենաշնորհների դեմ, կամ այդ չարիքները չեն եղել այնպիսի մեծ, որոնց նվազեցումը կարող է բերել տնտեսության իսկապես հեղափոխական զարգացման։ Կարծում եմ՝ այս հարցերը վաղը կտրվեն կառավարության ներկայացուցիչներին։ Իսկապես ի՞նչ եղան այն խոստումները, որոնք վերաբերում էին ստվերին, ասում էին՝ 40 տոկոս է, հիմա այդ ստվերը կրճատվելո՞ւ է, թե՞ չէ»,- շեշտեց Գագիկ Մինասյանը։
168.am-ի հարցին՝ Կառավարության ծրագրում տնտեսական հեղափոխության վերաբերյալ դրույթների բացացակայությամբ հնարավո՞ր է իրականացնել տնտեսական հեղափոխություն, որի մասին միշտ խոսում է ՀՀ վարչապետը, Գագիկ Մինասյանը նկատեց.
«Այն, որ Կառավարությունն ասում է՝ տնտեսական հեղափոխություն, դա ի՞նչ է, մակդիրներն ու ածականնե՞րն են, թե՞ հստակ ուղենիշներ։ Պետք է հասկանանք, որ դրանք պետք է լինեն և՛ մեկը, և՛ մյուսը։ Հիմա եթե հանրությունը կամ խորհրդարանը համաձայն է տնտեսական հեղափոխության տակ հասկանալ այդ ածականները՝ ևս մոտեցում է։ Բայց լուրջ մասնագետներն ասում են՝ տվեք մեզ թվեր, որպեսզի հասկանանք՝ այդ հեղափոխությունը կա՞… Եթե նայում ենք թվերին, ապա այնտեղ հեղափոխության հետք անգամ չկա»։
Մանրամասները՝168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան