
Առաջիկայում Մայր աթոռը բնակարանների վկայագրեր կհանձնի անօթևաններին

Մայր Աթոռի սոցիալական ծառայության նախաձեռնությամբ Սպիտակի և Գյումրիի 10 անօթևան ընտանիքներ կստանան բնակարաններ: Նախաձեռնությունը կյանքի է կոչվում Հայ առաքելական սուրբ եկեղեցու թեմերի ֆինանսական աջակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մայր աթոռի սոցիալական ծառայության գրասենյակի ղեկավար Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը՝ ընտանիքների ընտրությունը կատարվել է ըստ առաջնահերթության:
«Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ այս ընտանիքները մինչ այս երբևէ, որևէ կազմակերպության կողմից բնակարանի փոխհատուցում կամ բնակարան չեն ստացել և ունեն: Բնակարանները գնելուց հաշվի ենք առել նաև ընտանիքիների կարծիքները»,- մանրամասնեց Տեր Մարկոսը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս պահին արդեն ծրագիրը ավարտական փուլում է՝ ընտրվել են ընտանիքները, գնված են տները: Առաջիկայում այդ ընտանիքներին կտրամադրվեն վկայականներ: Մինչ այդ որոշ ընտանիքներ արդեն բնակվում են այդ բնակարաններում: Որպես պարտադիր պայման՝ շահառուները հրաժարվում են տնակից, և այդ տնակը քանդվում է: Բնակարանները նվերներ են սեփականության իրավունքով:
Արմենուհի Մխոյան