Դեմոկրատ Էմի Քլոբուշարը որոշեց իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ-ի նախագահի 2020 թվականի ընտրություններում
ԱՄՆ-ի Մինեսոտայի նահանգից դեմոկրատ սենատոր Էմի Քլոբուշարը հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի 2020 թվականի ընտրություններին մասնակցելու որոշման մասին:
«Այսօր ամենակարող Միսիսիպի գետի ափին… Ես հանքագործի թոռնուհիս, ուսուցչուհու եւ մամուլի աշխատողի դուստրը, ինչպես նաեւ Մինեսոտայի նահանգից Սենատ ընտրված առաջին կինը… իմ թեկնածությունն եմ առաջադրում Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար»,-ասել է նա՝ ելույթ ունենալով Միննեապոլիս քաղաքում (Մինեսոտայի նահանգ) կայացած հանրահավաքում:
Նրա խոսքից մեջբերում է արել CNN հեռուստաընկերությունը: 2006 թվականին Քլոբուշարը դարձել է Մինեսոտայից ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին պալատում ընտրված առաջին կինը եւ պաշտոնն ստանձնել է 2007 թվականի հունվարի սկզբին: Նա 2012 թվականին զգալի գերակշռությամբ հաղթել է հանրապետական Քուրթ Բիլսին եւ Սենատում վերընտրվել երկրորդ ժամկետով: Փետրվարի 9-ին Մասաչուսեթսի նահանգից դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ Ուորենը իր թեկնածությունն է առաջադրել ԱՄՆ-ի նախագահի 2020 թվականի ընտրություններին մասնակցելու համար:
Դեմոկրատական կուսակցությունից նախագահի պաշտոնի թեկնածու առաջադրվելու հնարավոր հավակնորդների թվում ամերիկյան ԶԼՄ-ները նշում են նաեւ ԱՄՆ-ի 76-ամյա նախկին փոխնախագահ Ջո Բայդենին, Վերմոնտի նահանգից 77-ամյա սենատոր Բեռնի Սանդերսին, որը Հիլարի Քլինթոնի հետ մրցակցել է Դեմոկրատական կուսակցությունից 2016 թվականի նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրվելու համար, Նյու Ջերսիի նահանգից սենատոր Քորի Բուքերին եւ Նյու Յորքի նահանգից սենատոր Քիրսթեն Ջիլիբրանդին: Ապագա նախագահական ընտրարշավի ընթացքում կուսակցական ակտիվիստների առաջին ժողովները տեղի կունենան Այովայի նահանգում 2020 թվականի փետրվարի սկզբին:
Դեմոկրատական կուսակցության համագումարը, որտեղ պաշտոնապես կառաջադրվի նախագահի պաշտոնի թեկնածուն, կկայանա 2020 թվականի հուլիսի 13-ից 16-ը: Համագումարն իրենց մոտ ընդունելու իրավունքին հավակնում են Մայամի Բիչը (Ֆլորիդայի նահանգ), Միլուոքին (Վիսկոնսինի նահանգ) եւ Հյուսթոնը (Տեխասի նահանգ): Հանրապետականներն իրենց համագումարը կանցկացնեն 2020 թվականի օգոստոսին՝ Շառլոտ քաղաքում (Հյուսիսային Կարոլինայի նահանգ): ԱՄՆ-ի նախագահի 59-րդ ընտրությունները կկայանան 2020 թվականի նոյեմբերի 3-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: