«Որ համայնք մտնում ես, աչքի են ընկնում օբյեկտներ, որոնք, պարզվում է, համայնքի ղեկավարինը կամ վերջինիս բարեկամինն են». Նիկոլ Փաշինյան
ՀՀ կառավարությունն այս տարի նպատակադրվել է 10 միլիարդ դրամ հատկացնել սուբվենցիաներին (սուբվենցիաները համայնքի կողմից իրականացվող առանձին նպատակային ծրագրի կատարման համար անհատույց և անվերադարձ կարգով տրվող դրամական միջոցներն են): Այսօր համայնքապետերի հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով` խնդիր կա սուբվենցիոն ծրագրերով իրականացնել հատկապես ենթակառուցվածքներին վերաբերող ծրագրեր:
Վարչապետը նշեց, որ Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման գրավականը համայնքների սոցիալ- տնտեսական առաջընթացն է: «Խնդիրները բազմաթիվ են, որոնց լուծման համար սրտացավ և ամենօրյա աշխատանք է պահանջվում»,-ասաց նա:
Անդրադառնալով համայնքներում առկա խնդիրներին՝ Փաշինյանն ասաց, որ Հայաստանում համայնքների ղեկավարները տարբերվում են իրենց անցած ճանապարհով, կենսագրությամբ, արժանիքներով:
«Իմ ընկալմամբ «միջին վիճակագրական» համայնքի ղեկավարը պետք է վայելի համայնքի աջակցությունը: Մենք խոսում ենք ներդրումային միջավայրի բարելավման մասին համայնքներում, բայց որ համայնք մտնում ես, աչքի են ընկնում օբյեկտներ, որոնք, պարզվում է, համայնքի ղեկավարինը կամ վերջինիս բարեկամինն են: Սա զարմանալի իրականություն է: Զարմանալի է, որ դա հանդուրժվում է նաև հանրության կողմից»,-ընդգծեց նա:
Նա նշեց, որ իր համար և ՀՀ կառավարության ու ժողովրդի համար այս մոտեցումը ընդունելի լինել չի կարող:
«Ես ուզում եմ արձանագրել, որ պետական ծառայությունը համայնքի ղեկավարի, ավագանու անդամի կողմից չի կարող և չպիտի ընկալվի որպես բիզնես գործունեություն: Պետական պաշտոնյայի գործունեության հիմքը հանրային հարստության բազմապատկումն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանում կոռուպցիան պետք է արմատախիլ արվի:
Համայնքների առջև ծառացած հաջորդ խնդիրը, ըստ Նիկոլ Փաշինյանի, աղբահանությունն է: «Ես կհամարեմ, որ լրջագույն փոփոխություններ են եղել, երբ մեզ հաջողվի Հայաստանն ազատել աղբից, ժանգոտած կրպակներից ու ավտոմեքենաների թափքերից, և սա իսկապես այն ոլորտն է, որտեղ կառավարությունն ու տեղական ինքնակառավարման մարմինները պետք է համագործակցեն»,-նշեց նա՝ հավելելով, որ մարտի 23-ին ՀՀ-ում համահայկական շաբաթօրյակ կանցկացվի, որը պետք է կազմակերպվի պատշաճ մակարդակով: