Բաժիններ՝

Սերն այն է, երբ մարդուն անսահման կարոտում ես և ուզում ես, որ նա հավերժ քո կողքին լինի

«Սերը համբերող է, քաղցր է, սերը չի նախանձում, սերը չի գոռոզանում, չի հպարտանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, չի գրգռվում, չար բան չի մտածում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության համար, ամեն բան կրում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի հույս ունի, ամեն բանի համբերում է» (Կորնթացիս 13.4-8): Աստվածաշնչում սերն այսպես է ձևակերպվում, իսկ ի՞նչ է սերը մեզ համար, հարց, որի պատասխանը երբեք միատեսակ չի լինում, որովհետև մեզանից ամեն մեկը ունի սիրո իր բանաձևը:

Սերն այն է, երբ մարդուն սիրում ես անկախ ամեն ինչից, ամեն վայրկյան նա մտքիդ է, իսկ երբ լսում ես ձայնը, թվում է, թե աշխարհը քոնն է: Երբ մարդուն անսահման կարոտում ես և ուզում ես, որ նա հավերժ քո կողքին լինի: Երբ վախենում ես մտածել երջանկության մասին, որովհետև երբեմն հավատդ չի գալիս, որ քեզ բաժին է հասել այսչափ երջանկություն: Վախենում ես, որ գուցե մի քանի հոգու երջանկություն միանգամից քեզ է բաժին հասել:

Հետո հասկանում ես, որ եթե այդպես լիներ, ապա հազարավոր մարդիկ էին զրկված լինելու իրենց երջանկության չափաբաժնից, որովհետև երջանկությունդ սահմաններ չի ճանաչում:

Սերն այն է, երբ հավատում ես նրան, առանց որևէ կասկածի ու հարցերի, երբ վստահում ես ու պատրաստ ես աշխարհի ծայրը հասնել նրա հետ, նրա համար: Սերն այն է, ինչ քեզ ավելի լավն է դարձնում, քեզ երազանքներ ու հույսեր է տալիս, քեզ ուժ է տալիս հաղթահարել կյանքի դժվարություններն ու լավատես լինել:

Սերն այն է, որ քեզ ցույց է տալիս, թե հանուն ինչի արժե ապրել: Այո, մենք կունենանք դժվարություններ, մենք կվիճենք, կկռվենք, կորոշենք բաժանվել, սակայն ինչ-որ ուժեղ ու անհաղթահարելի բան մեզ միշտ միմյանց մոտ կբերի:

Որքանո՞վ է կարևոր մեզ համար իմանալ, որ սիրված ենք։ Սերը մարդու վրա բարերար ազդեցություն է թողնում՝ լինի երեխա, թե չափահաս։ Տեսե՞լ եք մանկիկի՝ իր հոգատար մոր ձեռքերում։ Անկախ նրանից, թե ինչ է կատարվում շրջապատում՝ փոքրիկը հիացած նայում է իր մոր ժպտացող աչքերին. սիրող մոր գրկում նա իրեն հանգիստ և խաղաղ է զգում։ Այո՛, ամբողջ կյանքում մեր ունեցած ամենամեծ կարիքներից մեկը սիրված լինելն է. դա մեզ հավաստիացնում է, որ մեզ գնահատում են։

Գուցե ես չգիտեմ սիրո բանաձևը կամ սիրո ճանապարհը, բայց հստակ գիտեմ` այս աշխարհը կառուցված է սիրո վրա, որ սերը գոյության ապավենն է, որ սերն է ապրեցնում ու, ի վերջո` Աստված սեր է…։ Կարևոր է, որ ձեզ լսեն, լսեն մինչև վերջ, զգան ձեր խոսքի ամեն շունչն ու ամեն դադարը, կարևոր է` հասկանան:

Գտե՛ք այդ եզակիին, ում առաջ պետք չի լինի ձևացնել, լինել ուժեղ, խելացի, գեղեցիկ:
Այս աշխարհը տեղով մեկ բարդություն է, ու մեզ մի քիչ պարզություն է պետք, պետք է առանց մտքերի գիշեր, մեզ առանց մկանների ուժ է պետք, պետք է անզորանալ, հերիք է լինել ուժեղ, պետք է թևաթափ ընկնել` իմանալով, որ ապահով ձեռքերում ենք:
Սեր է պետք այս աշխարհին, պարզ ու մաքուր սեր` առանց ձևականությունների:

Մարիետտա Խաչատրյան

Qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս