Բաժիններ՝

«Մանվել Գրիգորյանի նկատմամբ դրսևորվում է սադիստական ֆաշիզմ». Փաստաբան

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին այսօր տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ նա անցել է բուժզննում։

168.am-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան Արսեն Մկրտչյանը նշեց, որ այս պահին տեղյակ չէ՝ Մանվել Գրիգորյանը շարունակո՞ւմ է մնալ հիվանդանոցում, թե՞ ոչ: «Պետք է, որ դեռ հիվանդանոցում մնա»,- ասաց փաստաբանը։

Նա նաև տեղեկացրեց, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը  գրավով փոխարինելու հերթական միջնորդությունն արդեն մուտք է արվել դատարան, միաժամանակ նշելով, որ առանձնապես սպասելիքներ չունեն, քանի որ միջնորդությունը մակագրվել է ՀՔԾ-ին կողմնակից դատավորի անունով։

Ինչ վերաբերում է ՄԻԵԴ դիմելուն, ապա Արսեն Մկրտչյանն ասաց, որ արդեն անխուսափելի է ՄԻԵԴ դիմելը։

Կարդացեք նաև

«Մենք միշտ նշել ենք, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ծանր է և առողջական վիճակը վատթարացել է կալանքը կրելուց։ Այս ամենն արձանագրել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հրավիրված բժիշկները, ՄԻՊ հայտարարությամբ, ինչպես նաև, թեկուզ անարդար, կողմնակալ, ապօրինի դատաբժշկական փորձաքննության արդյունքներով էլ երևում է, որ առողջական վիճակի բացասական միտումներն առկա են։

Փաստացի ինսուլինից կախվածություն չունեցող մարդուն վերցրել են կալանքի, և կալանքի ընթացքում ստեղծել են այնպիսի պայմաններ, որպեսզի  մարդը դառնա ինսուլինից կախված, իսկ շաքարի ցուցանիշը 7-ից բարձրանա 25 տոկոսի։ Այս պարագայում նրան պահել նախնական կալանքի տակ, նշանակում է՝ իրականացնել ֆաշիզմ, սադիզմ, ինչը կիրառվում է Մանվել Գրիգորյանի դեմ։

Երբ ամենածանր հոդվածներով մեղադրյալները նախնական կալանքի տակ չեն գտնվում, ընդ որում, նախնական կալանքի տակ չեն գտնվում այնպիսի մարդիկ, որոնք չեն էլ հատուցել ենթադրյալ պատճառված վնասը։ Այս դեպքում խոսում ենք, որ Արցախի հերոսի նկատմամբ իրականացվում է ընտրովի արդարադատություն և դրսևորվում է սադիստական ֆաշիզմ»,- շեշտեց Արսեն Մկրտչյանը։

Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի նկատմամբ դատական մարմինների պահվածքին, Արսեն Մկրտչյանը նկատեց, որ այս ամենն իր համար տարօրինակ չէ։

«Դատական համակարգում կան մոտ 10 նվիրյալ, արդար ու անկախ դատավորներ, իսկ մյուսները «մարինեներ» են, այսինքն՝ այդ բոլոր դատավորների անունները կարելի է դնել «մարինեներ» կամ արսեննիկողոսյաններ, որոնք ամբողջությամբ կախվածություն ունեն վարույթ իրականացնող մարմնից, ինչպիսին է ՀՔԾ-ն, կա՛մ ԱԱԾ-ի կողմից իրենց վրա ինչ-որ վարկաբեկիչ նյութեր ունեն, կա՛մ, այսպես թե այնպես, կախվածության մեջ են մեղադրանքի կողմից։ Դրա համար էլ, մեր երկրում խափանման միջոց կալանքը կիրառվում է 96 տոկոսից ավելի բարձր դեպքերում, և այսօր մեր երկրում իրավապաշտպան գործունեություն իրականացնել, այն է՝ զբաղվել փաստաբանությամբ,տաժանակիր աշխատանք է, որը հասու չէ բոլորին»,- եզրափակեց փաստաբանը։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Նա կալանավորվել է նախորդ տարվա հունիսին:

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս