ԱՀԿ-ն Եվոպայում կարմրուկով վարակվածների ռեկորդային աճ է արձանագրել վերջին 10 տարում
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Եվրոպայում կարմրուկով վարակվածների ռեկորդային քանակ է արձանագրել վերջին 10 տարում: Փետրվարի 7-ին այս մասին հաղորդվել է կազմակերպության կայքում։
«2018 թվականին կարմրուկից մահացել է Եվրոպայի տարածաշրջանի 72 բնակիչ՝ ինչպես երեխաներ, այնպես էլ չափահասներ: 2018 թվականի հունվարից մինչեւ դեկտեմբեր ընկած ժամանակամիջոցում երկրների ամսական հաշվետությունների տվյալներով (որոնք ստացվել են 2019 թվականի փետրվարի 1-ի դրությամբ), կարմրուկով 82 հազար 596 մարդ է վարակվել տարածաշրջանի 53 երկրներից 47-ում»,- ասված է զեկույցում:
Նշվում է, որ 2018 թվականին կարմրուկով վարակվածների թիվը եռակի գերազանցում է 2017 թվականի նույն ցուցանիշը եւ 15 անգամ՝ 2016 թվականի ցուցանիշը: «Հոսպիտալացման վերաբերյալ տվյալներ տրամադրած երկրներում հոսպիտալացվել է հիվանդացածների առնվազն երկու երրորդը (61 տոկոսը)»,- հավելել են ԱՀԿ-ում:
Եվրոպայում կարմրուկի հետ կապված առավել ծանր վիճակ է ստեղծվել Ուկրաինայում: ԱՀԿ-ի զեկույցի համաձայն՝ Ուկրաինայում հիվանդացել է 53 հազար 218 մարդ: Հիվանդացածների քանակով առաջատարների թվում են Սերբիան (5 076), Ֆրանսիան (2 913), Իտալիան (2 517), հաղորդել է ՏԱՍՍ-ը: