
Ամերիկացի սենատորները վերստին Էր Ռիադին զենքի վաճառքը դադարեցնելու օրինագիծ են ներկայացրել

Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցություններից ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի անդամները փետրվարի 7-ին վերստին ներկայացրել են օրինագիծ, որում առաջարկում են դադարեցնել զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային՝ Եմենի հակամարտության եւ լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության կապակցությամբ: Այս մասին հաղորդվում է նախաձեռնության հեղինակ Սենատի արտաքին գործերի կոմիտեի ավագ դեմոկրատ Բոբ Մենենդեսի (դեմոկրատ Նյու Ջերսիի նահանգից)՝ տարածված հայտարարության մեջ:
Օրինագծի համահեղինակներ են հանրապետականներ Թոդ Յանգը եւ Լինդսի Գրեմը, ինչպես նաեւ դեմոկրատներ Ջեք Ռիդը եւ Ջեն Շահինը: Փաստաթուղթը նախատեսում «զենքի վաճառքի դադարեցում Սաուդյան Արաբիային, Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի այն ինքնաթիռների լցավորման արգելք, որոնք մասնակցում են Եմենի քաղաքացիական պատերազմին»:
Օրինագիծը ենթադրում է «պատժամիջոցների սահմանում լրագրող Ջամալ Խաշկոջիի մահվան մեղսակիցների նկատմամբ եւ հաշվետվության պատրաստում Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների իրադրության մասին»:
Ինչպես նշել է Մենենդեսը, «քանի որ (ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ) Թրամփի վարչակազմը մտադիր չէ հասնել Խաշկոջիին սպանողներին լիակատար պատասխանատվության ենթարկելուն, Կոնգրեսի համար եկել է ժամանակը միջամտելու եւ իրական հետեւանքներ ապահովելու Սաուդյան Արաբիայի եւ Եմենում թագավորության գլխավորած կոալիցիայի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները հիմնավորապես վերանայելու նպատակով», հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: