«ՀՀ երեք նախագահներն էլ հարցաքննվել են». «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ երեք նախագահներն էլ հարցաքննվել են մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում, պարզապես, տարբեր կարգավիճակներով: Երեկ ՀՔԾ-ն հարցաքննության էր հրավիրել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ վկայի կարգավիճակով:
Երկու անգամ որպես վկա հարցաքննվել է երրորդ նախագահ ՍերԺ Սարգսյանը, որ մարտի 1-ին զբաղեցրել է ՀՀ վարչապետի պաշտոնը եւ այդ իրադարձությունների արդյունքում ստաձնեց երկրի ղեկավարի պաշտոնը:
Իսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ մարտի 1-ին դեռ գործող նախագահն էր, արդեն մի քանի ամիս է՝ մեղադրյալի կարգավիճակով է, այս գործով մեղարյալներից միայն ինքն է կալանքի տակ, ավելին՝ երեկ էլ ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու պաշտպանների բողոքը:
Այսպիսով, կարելի է ակնկալել, որ մարտի 1-ի գործով նախաքննությունը կարող է օբյեկտիվ ընթացք ստանալ. ի վերջո, երեք նախագահներն էլ այս իրադարձությունների կողմ են եղել, պարզապես եղել են երկու տարբեր կողմերում:
Ու տրամաբանությունը հուշում էր, որ այդ հարցաքննությունները պետք է կատարվեին դեռ տասը տարի առաջ: Այս տարիներին շատ է խոսվել նրանց հարցաքննելու անհրաժեշտության մասին. ի վերջո, նրանցից յուրաքանչյուրն էլ ասելիք ուներ հավանաբար: Նաեւ նրանցից յուրաքանչյուրը, հատկապես՝ 2008թ. իշխանության ղեկին եղածները, կարող են տալ կարեւորագույն հարցերի պատասխանները, եթե անկեղծ լինեն:
Հ.Գ. Զարմանալի է, բայց փաստ է, որ Սերժ Սարգսյանը 2008թ. եղել է ՀՀ վարչապետը, ավելին՝ 2008թ. կեղծված ընտրությունների ու մարտի 1-ի արդյունքում դարձել է երկրի նախագահ, բայց սահմանադրական կարգի տապալման մեղադրանք նրան այդպես էլ չի առաջադրվել: Նա ընդամենը վկա է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: