Բաժիններ՝

«Yong Gang» կեղծված կենսաբանական ակտիվ հավելում է հայտնաբերվել ևս մեկ ընկերությունում

«Մարկ Ֆարմ» ՍՊԸ-ում հայտնաբերվել է 100 տուփ կեղծված «Yong Gang» կեղծված կենսաբանական ակտիվ հավելում, որն, ըստ ընկերության ղեկավարի, ձեռք է բերվել ֆիզիկական անձից և հետագայում իրացման համար տրվել դեղատներին: Այս մասին մասին տեղեկացրին ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Հիմք ընդունելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի փոխանցած տեղեկատվությունը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է վերահսկողական գործողությունները դեղատներում՝ «Yong Gang» կեղծված կենսաբանական ակտիվ հավելումները (պարունակում է չհայտարարագրված սինթետիկ դեղանյութ՝ սիդենաֆիլ) հայտնաբերելու ուղղությամբ:

Արդյունքում «Մարկ Ֆարմ» ՍՊԸ-ում ևս հայտնաբերվել է վերը նշված կենսաբանական ակտիվ հավելումը (100 տուփ), որն, ըստ ընկերության ղեկավարի, ձեռք է բերվել ֆիզիկական անձից և հետագայում տրվել իրացման դեղատներում:

«Մարկ Ֆարմ» ՍՊԸ-ի տնօրինությանը տրվել է արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր:

Վերահսկողական գործողությունները իրացման կետերում, մասնավորապես՝ դեղատներում, շարունակում են:

Հիշեցնենք, որ տվյալ արտադրանքը կարող է վտանգավոր լինել մարդկանց կյանքի և առողջության համար, ուստի քաղաքացիներին հորդորում ենք ուշադիր լինել, չգնել «Yong Gang» կոչվող կենսաբանական ակտիվ հավելումներ, իսկ դեղատներում կամ այլ իրացման կետերում նշյալ ապրանքատեսակը նկատելու դեպքում զանգահարել Սննդամթերքի անվտագության տեսչական մարմնի թեժ գծի 010 20 60 40 կամ 012 9 060 90 հեռախոսահամարներով»:

Նույն աղբյուրը հունվարի 29-ին հայտնել էր, որ հիմք ընդունելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի փոխանցած տեղեկատվությունը՝ սննդի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ ՀՀ դեղատներում իրացվում է «Yong Gang» կենսաբանական ակտիվ հավելում, որը, համաձայն լաբորատոր փորձաքննության արդյունքների, պարունակում է չհայտարարագրված սինթետիկ դեղանյութ՝ սիդենաֆիլ:

Ստացված հաղորդագրության հիմքով՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվել է պետական վերահսկողություն «ՖՕԼ-ՖԱՐՄ» ՍՊԸ-ում: Պարզվել է, որ «ՖՕԼ-ՖԱՐՄ» ՍՊԸ-ն վերը նշված կեսաբանական ակտիվ հավելումը (150 տուփ) ձեռք է բերել ֆիզիկական անձից և հետագայում իրացրել դեղատներում:

Քանի որ կենսաբանական ակտիվ հավելումներում սինթետիկ դեղանյութի առկայություն չի թույլատրվում, ուստի «Yong Gang» կենսաբանական ակտիվ հավելումը, համաձայն սննդամթերքի անվտանգության մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի հանդիսանում է կեղծված սննդամթերք:

Միաժամանակ պարզվել է, որ արտադրանքը չի ուղեկցվել անվտանգությունը հավաստող փաստաթղթով (Եվրասիական տնտեսական միության տարածքում չի ենթարկվել պետական գրանցման) և իրացվել է առանց հայերեն մակնշման:

Հաշվի առնելով վերոգրյալը և այն, որ տվյալ արտադրանքը կարող է վտանգավոր լինել մարդկանց կյանքի և առողջության համար, հայտնում ենք, որ ՍԱՏՄ-ի կողմից իրականացված վերահսկողության շրջանակներում «ՖՕԼ-ՖԱՐՄ» ՍՊԸ-ի տնօրինությանը տրվել է արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս