Բաժիններ՝

Միլիոնների հասնող պարգևավճարներ են ստացել նաև Պետական վերահսկողական ծառայությունում

2018 թվականին մի քանի միլիոն դրամի հասնող պարգևավճարներ են ստացել նաև Պետական վերահսկողական ծառայությունում, որի ղեկավարն է Դավիթ Սանասարյանը, սակայն պարգևավճարների մասին պաշտոնական տեղեկատվությունը ծառայության կայքում ներկայացված է աղճատ ու դրույքաչափերի միջինացված թվերն առանց հարկերի՝ հավանաբար  հանրության շրջանում նորից կրքեր չբորբոքելու համար:

Ծառայությունում 2018 թվականին բաշխված պարգևավճարների մասին 168.am-ի պաշտոնական հարցմանը պատասխան է ստացվել, որտեղ նշված է, որ ծառայության աշխատակիցներին ներկայացված միջինացված թվերով պարգևատրումները եղել են 2018-ի ընթացքում 4 անգամ, այսինքն՝ եռամսյակային կտրվածքով և փաստացի աշխատած ժամանակահատվածի համամասնությամբ: Դրանից բացի, նրանք բոլորը կրկին մեկ լրիվ պաշտոնային դրույքաչափով տարեվերջին ստացել են խրախուսում: Այսինքն՝ մինչև 4 պարգևավճար և  մեկ խրախուսում: Ստացվում է,  որ նույն միլիոնները բաշխվել են նաև այս համակարգում, իսկ աշխատանքի ընթացքում ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների բացահայտումներով հայտնաբերված և  վերականգնված գումարի չափը հասնում է 827 միլիոնի:

Ի դեպ, ծառայությունից ուղարկված պատասխանում գումարի չափը նշված է մաքուր եկամտի չափով՝ առանց հարկերի: Ի պատասխան Ձեր նույնաբովանդակ հարցումների հայտնում ենք․

«ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների աշխատավարձերը (ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը և այլ վճարները հանելուց հետո) կազմում են.

Կարդացեք նաև

  • Ծառայության ղեկավար – 565,450 ՀՀ դրամ
  • Ծառայության ղեկավարի տեղակալ – 398,777 ՀՀ դրամ
  • Ծառայության ղեկավարի խորհրդական – 224,845 ՀՀ դրամ
  • Ծառայության ղեկավարի օգնական – 213,353 ՀՀ դրամ
  • Ծառայության ղեկավարի տեղակալի օգնական – 144,402 ՀՀ դրամ
  • Գլխավոր քարտուղար – 336,989 ՀՀ դրամ
  • Վարչության պետ – 229,967 ՀՀ դրամ
  • Վարչության պետի տեղակալ – 190,238 ՀՀ դրամ
  • Վարչության գլխավոր մասնագետ – 165,644 ՀՀ դրամ
  • Վարչության առաջատար մասնագետ – 115,545 ՀՀ դրամ
  • Բաժնի պետ – 197,315 ՀՀ դրամ
  • Բաժնի պետի տեղակալ – 154,055 ՀՀ դրամ
  • Բաժնի գլխավոր մասնագետ – 149,787 ՀՀ դրամ
  • Բաժնի առաջատար մասնագետ – 95,577 ՀՀ դրամ
  • Քաղաքացիական աշխատանք կատարողներ – 131,761 ՀՀ դրամ
  • Տեխնիկական սպասարկողներ – 69,416 ՀՀ դրամ

*(Աշխատավարձերի գումարները ներկայացված են միջինացված թվերով՝ հաշվի առնելով յուրաքանչյուր աշխատակցի աշխատանքային ստաժով պայմանավորված դրույքաչափերը)

2018 թվականի ընթացքում աշխատակիցներին պարգևատրումները տրամադրվել են եռամսյակային կտրվածքով մեկ պաշտոնային դրույքաչափի չափով (վերը նշված աշխատավարձերով)՝ յուրաքանչյուր աշխատակցի փաստացի աշխատած ժամանակահատվածի համամասնությամբ, ինչպես նաև տարեվերջյան խրախուսում՝ մեկ պաշտոնային դրույքաչափով: Աշխատակիցներին խրախուսումը տրամադրվել է՝ հիմք ընդունելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասը, 22-րդ հոդվածի 9-րդ մասը, Աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, ՀՀ կառավարության 2014 թվականի 737-Ն որոշման 3-րդ կետը:

2018թ. ընթացքում տրամադրված խրախուսումների ընդհանուր գումարը կազմել է 46,038.7 հազ. դրամ, որը բաշխվել է ընդամենը 112 աշխատակիցների միջև:

Նույնաբովանդակ հաղորդագրությունը դեռևս սույն թվականի փետրվարի 2-ին զետեղել ենք ՊՎԾ ֆեյսբուքյան էջում»,- ասված է ՊՎԾ լրատվության և հասարակության հետ կապերի բաժնից ստացված պատասխան-նամակում։

ՍՅՈՒԶԻ ԲԱԴՈՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս