
Պաղեստինը չի մասնակցի Լեհաստանում Մերձավոր Արևելքին նվիրված խորհրդաժողովին. Մահմուդ Աբաս

Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր երկիրը չի մասնակցի Մերձավոր Արեւելքին նվիրված խորհրդաժողովին, որն ԱՄՆ-ի հովանու ներքո փետրվարի 13-14-ին անցկացվելու է Լեհաստանում։
«Պաղեստինը չի մասնակցի խորհրդաժողովին, որը գումարում է ԱՄՆ-ը, եւ Պաղեստին Պետությունը չի մասնակցի որեւիցե միջազգային խորհրդաժողովի, որը չի հիմնվում օրինական միջազգային բանաձեւերի վրա, եւ ոչ ոքի չի լիազորի Պաղեստինի փոխարեն մասնակցել բանակցություններին»,-հայտարարել է Աբասը: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն ավելի վաղ հայտարարել է, որ ԱՄՆ-ը Մերձավոր Արեւելքում կայունության հաստատմանն աջակցելու հարցերի շուրջ փետրվարի 13-14-ին միջազգային գագաթնաժողով կանցկացնի Լեհաստանում:
Գագաթնաժողովին կմասնակցեն Ասիայի, Աֆրիկայի, Արեւմտյան կիսագնդի, Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի երկրները: Ավելի վաղ Իսրայելի կառավարության ղեկավարի դիվանատունը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Նաթանյահուն մտադիր է մասնակցել Մերձավոր Արեւելքին նվիրված խորհրդաժողովին: