Բաժիններ՝

Վաշինգտոնի կողմից ծայրահեղականներին ցուցաբերվող աջակցությունը քայքայում է տարածաշրջանը. Իրանի ԱԳ նախարար

Վաշինգտոնի կողմից բռնապետներին ու ծայրահեղականներին ցուցաբերվող աջակցությունը քայքայում է Մերձավոր Արեւելքի տարածաշրջանը: Այդ մասին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը գրել է Twitter-ի իր էջում: Նա այդ կերպ է մեկնաբանել «Երկրի դրության մասին» ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ամենամյա ուղերձը, որը հանդես է եկել Թեհրանի վրա գործադրվող ճնշումը շարունակելու օգտին:

«ԱՄՆ-ի թշնամանքը բերել է բռնապետներին, դահիճներին ու ծայրահեղականներին աջակցելուն, ինչը միայն ավերածություններ է բերել մեր տարածաշրջան»,- գրել է Զարիֆը: Նա նշել է, որ այս օրերին «իրանցիները, ներառյալ հրեա-հայրենակիցները, նշում են Իսլամական հեղափոխության 40-ամյակը՝ չնայած ԱՄՆ-ի կողմից գործադրվող ճնշմանն ու «Երկրի դրության մասին» ամենամյա ուղերձում Թրամփի հնչեցրած նոր մեղադրանքներին»:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, փետրվարի 5-ին երկրի Կոնգրեսի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի առջեւ հանդես գալով «Երկրի դրության մասին» ամենամյա ուղերձով, հայտարարել է, թե Միացյալ Նահանգները մտադիր է աչալուրջ հետեւել Իրանի գործողություններին եւ արդեն սահմանել է պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները՝ երաշխավորելու համար, որ Թեհրանը երբեք միջուկային զենք չի ունենա:

«Իմ վարչակազմը վճռական միջոցներ է ձեռնարկել պետական մակարդակով ահաբեկչության գլխավոր հովանավորին՝ Իրանի արմատական վարչակարգին, հակազդելու համար»,- ասել է Թրամփը: «Մենք աչքից բաց չենք թողնի այն վարչակարգին, որը վանկարկում է «Մա՛հ Ամերիկային» եւ ցեղասպանությամբ է սպառնում հրեա ժողովրդին»,- նշել է Թրամփը, հաղորդել էՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս