Բաժիններ՝

Հայաստանը զարգացնում է բազմակողմ հարաբերություններ. Փաշինյանը ԵԱՏՄ-ի և ԵՄ- ի հետ հարաբերությունների մասին

Գերմանիայի կառավարությունը հետաքրքրված է Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական, իրական, ինստիտուցիոնալ փոփոխություններով: Այս մասին Deutsche Welle-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով Գերմանիա կատարած պաշտոնական այցին և կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցությունների ընթացքում գրանցած արդյունքներին՝ վարչապետն ասել է. «Հիմնական արդյունքը համարում եմ այն հստակ պայմանավորվածությունները, որոնք կան Հայաստանում գերմանական ներդրումների հետ կապված: Մենք պայմանավորվել ենք, որ Եվրամիությունը և Գերմանիան աջակցելու են մեր բարեփոխումների օրակարգին: Գերմանիայի կառավարությունը հետաքրքրված է Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական, իրական, ինստիտուցիոնալ փոփոխություններով»:

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը զարգացնում է բազմակողմ հարաբերություններ: «Մենք մեր հարաբերությունները զարգացնում ենք բոլոր ուղղություններով: Ինչպես նշեցի, Եվրամիությունն աջակցում է մեր ժողովրդավարական բարեփոխումներին: Կարևոր է, որ Եվրամիությունը մեր առջև խնդիր չի դնում՝ ընտրել ԵԱՏՄ և ԵՄ միջև, մենք նման խնդրի առաջ կանգնած չենք»,- նշել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը նախագահում է ԵԱՏՄ-ում:

«Մեր հարաբերությունները թե՛ ԵՄ, թե՛ ԵԱՏՄ հետ բացարձակ թափանցիկ են մեր բոլոր գործընկերների համար: Մենք չենք պատրաստվում զարգացնել մեր հարաբերությունները մի գործընկերոջ հետ՝ ի հեճուկս մեկ այլ գործընկերոջ: Այստեղ կա բացարձակ հստակություն և թափանցիկություն»,- հայտարարել է ՀՀ վարչապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս