Գերմանիան, Դանիան և Նիդեռլանդները Գուայդոյին ճանաչեցին Վենեսուելայի ժամանակավոր նախագահ
Գերմանիան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչել է երկրի ժամանակավոր նախագահ: Այդ մասին հայտարարել է ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը:
«Ինչ վերաբերում է Գուայդոյին, ապա մինչեւ փետրվարի 3-ը նախագահական ընտրությունների մասին չհայտարարվեց: Ուստի այժմ Գուայդոն այն մարդն է, որից մենք ակնկալում ենք, որ նա հնարավորինս շուտ կնախաձեռնի ընտրությունների գործընթացը: Այդ խնդրի համար նա լեգիտիմ ժամանակավոր նախագահ է Գերմանիայի եւ Եվրոպայի բազմաթիվ այլ գործընկերների տեսանկյունից»,-ասել է Մերկելը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակում էր NHK հեռուստաալիքը:
Իր հերթին Դանիայի արտաքին գործերի նախարար Անդերս Սամուելսենը հայտարարել է, որ իր երկիրը Գուայդոյին ճանաչում է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ:
«Դանիան Ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոյին Վենեսուելայի ժամանակավոր նախագահ է ճանաչում մինչեւ նոր ազատ ու ժողովրդավարական ընտրությունների անցկացումը»,-գրել է Սամուելսենը Twitter-ում:
Նիդեռլանդների ԱԳ նախարար Ստեֆ Բլոկը հայտարարել է, որ իր երկիրը Խուան Գուայդոյին ճանաչում է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ:
«Այսօր լրացել է Վենեսուելայում ազատ ժողովրդավարական ու թափանցիկ ընտրություններ հայտարարելու ութօրյա ժամանակաշրջանը: Նիդեռլանդների Թագավորությունը Խուան Գուայդոյին ճանաչում է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ: Մենք ցանկանում ենք, որ ազատությունն ու ժողովրդավարությունը Վենեսուելա վերադառնան որքան կարելի է շուտ»,-գրել է Բլոկը Twitter-ում:
Գուայդոյին Վենեսուելայի ժամանակավոր նախագահ է ճանաչել նաեւ Լատվիան, ինչի մասին փետրվարի 4-ին հայտարարել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Էդգար Ռինկեւիչը:
«Մենք կոչ ենք անում Գուայդոյին՝ անցկացնել ազատ, արդար եւ ժողովրդավարական նախագահական ընտրություններ»,-ասված է Twitter սոցցանցում քաղաքական գործչի զետեղած հաղորդագրության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: