Բաժիններ՝

«Բագրատաշենի մաքսակետը դարձել է անվճար պահեստամասերի տեղ. ով ինչ ուզում՝ տանում է». «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ 

Հունվարի 23-ին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում կայանված տրանսպորտային միջոցները (հիմնականում՝ աջ ղեկ) խոչընդոտում են մաքսակետի բնականոն գործունեությունը, ստեղծում ավելորդ դժվարություններ:

Հետևաբար՝ կոչ էին արել տրանսպորտային միջոցների սեփականատերերին՝ 7-օրյա ժամկետում՝ մինչև հունվարի 31-ը, անցման կետի տարածքից դուրս բերել դրանք, այլապես կենթարկվեն վարչական պատասխանատվության:

Փետրվարի 1-ին լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասել է, որ Բագրատաշենի անցակետում մեքենաների կուտակումը խոչընդոտ է ստեղծում, ուստի կոչով դիմել են  քաղաքացիներին, որպեսզի նրանք իրենց մեքենաները հանեն այդ տարածքից:

ԱԱԾ տնօրենը նշել էր նաև, որ իրեն զեկուցել են անցակետի տարածքում ազատ գոտու մասին, որտեղ էլ կարող են ժամանակավորապես կայանել սահմանին կուտակված աջ ղեկով մեքենաները: Արթուր Վանեցյանը հավելել է նաև, որ իրենք սահմանային գոտում իրավախախտումներ իրականացրած անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու իրավասություն ունեն, բայց այդ իրավունքից չեն օգտվում:

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում  «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Զոհրաբ Իգիթյանն ասաց, որ մոտ 600 մեքենա դեռ սահմանին է:

«Մենք էլ ենք անհանգստացած այդ խնդրով, փորձում ենք ՊԵԿ-ի հետ հարցը լուծել, այնպես անել, որ խցանումներ չլինեն: Համաձայն ենք պարոն Վանեցյանի մտահոգությունների հետ, դրա համար մեքենաները փորձում ենք խտացնել, ազատ տեղերը շատացնել, որ խնդիրը չբարդանա»,- նշեց Զոհրաբ Իգիթյանը:

Նրա փոխանցմամբ՝ հարցի լուծմանը հաշված օրեր են մնացել, նախագիծը շուտով ԱԺ-ում է լինելու:

Ինչ վերաբերում է Բագրատաշենի մաքսակետում կայանած աջ ղեկով մեքենաներից կատարվող գողություններին՝ նախաձեռնության անդամը նկատեց. «Այդ մասին արդեն չենք էլ խոսում: Անվերջ գողություններ են կատարվում, այդտեղ դարձել է անվճար պահեստամասերի տեղ: Ով ինչ ուզում, գալիս, տանում է»:

Հիշեցնենք, որ Իրավական ակտերի քննարկման e-draft.am կայքում շրջանառության մեջ է դրվել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նոր նախագիծ, որտեղ ասվում է.

«Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ 2018 թվականի մարտի 1-ի թիվ ՀՕ-125-Ն օրենքի 2-րդ հոդվածի «որոնք ձեռք բերելու համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի հունվարի 25-ը» բառերը և թվերը փոխարինել «որոնց ձեռք բերման համար վճարումները ՀՀ տարածք ներմուծողների կողմից կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը, և որոնք ՀՀ տարածք են ներմուծվելու մինչև 2019 թվականի ապրիլի 1-ը» բառերով և թվերով»:

Նախագիծը ձևավորվել է «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ շարունակվող քննարկումների արդյունքում:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս