«Պատկերացնո՞ւմ եք՝ 1,5 ժամ թշնամի պետության ղեկավարի հետ Նիկոլ Փաշինյանը քննարկում է ինչ-որ պատմություն». Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ իշխանափոխությունից հետո Հայաստանում ոչինչ չի փոխվել. շարունակվում են այն արատավոր երևույթները, որոնք եղել են նախորդ իշխանությունների ժամանակ։
Ըստ նրա, այդ ամենն ակնհայտ է՝ հատկապես Արցախի հարցի հետ կապված։

«Մենք տեսնում ենք հանդիպումներ, քննարկումներ, օրինակ, ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև, դրանց մասին մենք տեղեկանում ենք, երբ հանդիպումներն արդեն ավարտվում են։ Հանդիպումից որոշ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանը կապ հաստատեց ժողովրդի հետ, սակայն այն արեց հանդիպումից ժամեր անց, որպեսզի տեսներ հասարակության տրամադրությունները։ Նա հայտարարեց, որ Ալիևի հետ պայմանավորվել են, որ, եթե նման միջոցառումների ժամանակ երկուսն էլ ներկա են լինում, ապա պետք է հանդիպեն, եթե նման  հանդիպումների պայմանավորվածություն է եղել, ինչո՞ւ դրա մասին հանրությունը տեղյակ չէ»,- ասաց Զ. Փոստանջյանը։

Նրա գնահատմամբ, Ալիևի հետ ոչ պաշտոնական հանդիպումների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հիմնավորումներն արժանահավատ չեն, դրանք միայն վկայում են թաքնված բանակցությունների և պայմանավորվածությունների մասին։

«Մենք ցանկանում էինք, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո մեզ հետ պարզ խոսեին, ներկայացնեին հիմնավորումներ և լինեին անկեղծ, մինչդեռ մենք տեսնում ենք, որ նույնն է կրկնվում, ինչ եղել է նախկինում։ Հանդիպման հետ կապված Նիկոլ Փաշինյանն ասում է, թե բանակցությունների պատմությունն են քննարկել, պատկերացնո՞ւմ եք՝ 1,5 ժամ թշնամի պետության ղեկավարի հետ Նիկոլ Փաշինյանը քննարկում է ինչ-որ պատմություն։ Մինչդեռ նա բղավում էր, թե լավատեղյակ է, թե ով ինչպես է բանակցել Արցախի հարցի վերաբերյալ. խոսքը նախորդ իշխանությունների բանակցությունների մասին է»,- շեշտեց Զարուհի Փոստանջյանը։

Այս ամենը հաշվի առնելով՝ Զարուհի Փոստանջյանը ենթադրում է, որ գաղտնի, առանց ժողովրդին տեղյակ պահելու՝ տեղի է ունենում խորը բանակցային գործընթաց, որն առաջիկայում կարող է արտացոլվել Ադրբեջանի կողմից հարձակմամբ։

«Մենք Նիկոլ Փաշինյանին չենք լիազորել, որ նա գնա ու բանակցի մեր անունից, քանի որ նա չունի Արցախի հիմնախնդրի հետ կապված ծրագիր, հայեցակարգ։ Նա մեզ պետք է տեղյակ պահի, թե ինչ հայեցակարգի շուրջ է քննարկումներ իրականացնում Ադրբեջանի նախագահի հետ։ Մենք տեսնում ենք, որ տեղի է ունենում բավականին արագացված գործընթաց՝ Արցախյան հարցի հետ կապված, որտեղ կան ստվերային պայմանավորվածություններ»,- ընդգծեց Զարուհի Փոստանջյանը։

Մանրամասները՝168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս