Տնտեսական ակտիվության ցուցանիշի «գահավիժումը» դադարել է. 2018 թ. ՏԱՑ-ը՝ 5.8%
ՀՀ վիճակագրության կոմիտեն հրապարակել է 2018 թ. մակրոտնտեսական ամփոփ ցուցանիշները։ Ըստ այդմ՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5.8%։
Ուշագրավ է, որ չնայած բացասական կանխատեսումներին, ՏԱՑ-ի աճի տեմպի անկումը կարծես դադարել է, և անգամ մի փոքր դրական միտում կա հունվար-նոյեմբերի համեմատ՝ 0.1% աճի տեսքով։
Անցած տարի, հիշեցնենք, 11 ամիսների կտրվածքով ՏԱՑ-ը 5.7% էր, հունվար-հոկտեմբերին՝ 6%, հունվար-սեպտեմբերին՝ 6.5%, հունվար-օգոստոսին՝ 7.7%, հունվար-հուլիսին՝ 9.3%։
Տնտեսության ճյուղերից 2018-ին, 2017-ի համեմատ, միայն գյուղատնտեսությունն է անկում գրանցել՝ 7.6%։ Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4.3%, շինարարությունը՝ 4.5%, առևտրի շրջանառությունը՝ 8.7%, ծառայությունների ծավալը՝ 18.8%, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 1.6%, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 0.2%, սպառողական գների ինդեքսը՝ 2.5%, միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 3.8%։
Արտաքին առևտրաշրջանառության մեջ առաջանցիկ տեմպերով ավելացել է ներմուծումը, և ոչ թե՝ արտահանումը։ Այսպես՝ արտահանումն աճել է ընդամենը 7.8%-ով, իսկ ներմուծումը՝ 21.2%։