Բաժիններ՝

33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ համագյուղացուն դանակահարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են Վայոց Ձորի Զառիթափ գյուղի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել վերջինիս համագյուղացուն:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հունվարի 25-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհին գործող գիշերային ակումբում ծագած վիճաբանության ժամանակ Զառիթափ գյուղի բնակիչը՝ ծնված 1986թ., սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է համագյուղացուն՝ ծնված 1996թ.՝ պատճառելով «կրծքավանդակի աջ կեսի պլևրալ խոռոչի, որովայնի խոռոչի թափածակված կտրած-ծակած վերք, ստոծանու, լյարդի վնասումով, սուր ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ 2019թ. հունվարի 25-ին ՀՀ ոստիկանության Վայքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն և նույն օրն ընդունվել վարույթ: Կազմվել է քննչական խումբ, Զառիթափ գյուղի 23-ամյա բնակիչը ճանաչվել է տուժող:

Քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ  2019թ. հունվարի 25-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհին գործող գիշերային ակումբում Վայոց Ձորի մարզի Զառիթափ գյուղի 33-ամյա բնակիչը, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, անտեսելով ակումբը փակվելու վերաբերյալ աշխատակիցների նախազգուշացումը, երաժշտություն պատվիրելու շուրջ վիճաբանության մեջ է մտել ակումբի բարմենի հետ, որի ընթացքում գարեջրի շիշ է նետել վերջինիս ուղղությամբ և հայհոյել: Այնուհետև 33-ամյա տղամարդու համագյուղացին փորձել է կանխել նրա խուլիգանական գործողությունները, սակայն վերջինս սկսել է վիճաբանել նաև 23-ամյա համագյուղացու հետ, որի ընթացքում իր մոտ եղած ծալովի դանակով երեք անգամ հարվածել է նրան՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաքիմիական, դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս