Պարգևատրումների սարսափից

Բոլորս ներքաշվել ենք պարգևատրությունների քննարկումների թեմա: Արվեստագետ ու պատմաբան, տնտեսագետ ու լրագրող, էնինչ ու եսիմինչ քննարկում ենք, թե նոր պաշտոնյաներից ով (և որքան) պարգևավճար է «դուրս գրել» իր ու ենթակաների համար: Ասածս նորերի դեմ բացասական ակնարկ չընկալեք: Պարզապես պարգևատրություն բաժանելու դիրք ունեցող հին պաշտոնյա չի մնացել: Արդեն համարյա մեկ տարի է, ինչ հասարակական հնչեղության թեմաները դարձել են տոտալ քննարկման թեմա:

Ռանչպարից մինչև դզող-փչող ու ակադեմիկոս նույն հարցերն են քննարկում: Սա, հնարավոր է, որ վատ բան չէ: Ավելին` նույնիսկ հնարավոր է, որ դեմոկրատիա-ժողովրդավարություն ասածը հենց սա է, որ կա: Վատն այն է, որ ռանչպարից մինչև դզող-փչող ու ակադեմիկոս նույն հարցերը նույն մակարդակում են քննարկում ու նույն մակարդակի պատասխան ստանում: Թվում էր, թե կիրթ մարդը պիտի իմանար, որ ուրիշի գրպանի փող հաշվելը, մեղմ ասած, հարիր չէ բարձր բարոյական չափանիշերին: Բայց կիրթ մարդու համար հիմնավորում հորինելը հեռուստասերիալի սցենար գրելուց էլ հեշտ բան է:

Ուստի շրջանառության մեջ դրվեց այն փաստարկը, որ խոսքը ոչ թե ուրիշի գրպանի փողերի մասին է, այլ` հանրային: Այս փաստարկով անգամ ամենակիրթ մարդը չի խորշի Ձեր գրպանի փողերը հաշվել: Եթե Դուք պաշտոնյա եք:

Երևանի քաղաքապետին դատարանով սպառնացին պարգևատրումների ցուցակ հրապարակել: Նա էլ դիմադրեց-դիմադրեց ու սկսեց կամաց-կամաց հրապարակել: Պարզվեց՝ քաղաքապետարանի պարգևատրման ծավալը 474 մլն դրամ է, որ բաժանվել է 1628 աշխատակցի միջև: Ու սկսվեց, մի լրատվամիջոց հաշվեց, որ 474 մլն դրամը 980 հազար դոլարից ավելի է: Մյուսը գրեց, որ միջին պարգևավճարը 290 հազար դրամից ավելի է, ու բացատրեց, որ միջին հանել են, քանի որ քաղաքապետարանը հականե-հանվանե ցուցակ չի հրապարակում:

Դժվար է ասել, թե հասարակությանն ինչ կարող է տալ միջին ցուցանիշ կոչվածն այս պարագային: Առողջապահության մասնագետները միջին ցուցանիշի «անիմաստությունն» ապացուցելու համար հորինել են «հիվանդանոցի հիվանդների միջին ջերմաստիճան» արտահայտությունը: Սոցիոլոգներն այս պարագային ասում են` «Եթե դուք երեկ կաղամբ եք կերել, իսկ հարևանը` միս, ապա չի կարելի ասել, որ երկուսով միջինը տոլմա եք կերել»: Բայց մասնագիտական ոչ մի ծաղր փաստարկ չէ ուրիշի գրպանի փողերը հաշվելու գայթակղությունից քեզ զրկելու համար:

Մինչդեռ հարկավոր էր նախ զարմանալ, որ մեր քաղաքապետարանն առնվազն 1628 աշխատակից ունի: Եթե իմ խոսքերում սարկազմ նկատեցիք, ես ստիպված կվերաձևակերպեմ միտքս` «Հարկավոր է զարմանքով ուրախանալ, որ մեր քաղաքապետարանում պարգևատրման արժանի 1628 աշխատակից կա»: Թե չէ՝ կարելի է առանձին «չուզող» լրատվամիջոցների նման քննարկել, թե պարգևատրման արժանացած աշխատակիցները քանի ամիս կամ շաբաթ են աշխատել այս կամ այն պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում:

Քննարկել ու չարախոսել՝ առանց հասկանալու, որ այդ հիմնարկներում յոթ ամսից ավելի երկար աշխատածները ոչ մի վաստակ, առավել ևս՝ արժանիք չունեն պարգևատրումից մի օր առաջ ընդունված աշխատակցի հանդեպ: Որովհետև յոթ ամիս առաջ նրանք ոչ թե երկրին են ծառայել, այլ` նախկին իշխանություններին: Եղա՞վ: Ու ընդհանրապես հասարակական թեր ու դեմ կարծիքների աղմուկի մեջ բազում առողջ մտքեր են կորչում:

Պարգևատրման հասարակայնորեն անհրաժեշտ, արդյունավետ (արդի հայերենով ասած` ճիշտ) համակարգն արժեզրկվում է հասարակության համար: Որովհետև այդ համակարգը ճիշտ կիրառածներն ու չարաշահած չինովնիկները դիրքավորվում են նույն խրամատում ու բոլոր տեսակի քննադատներին թշնամի, հակահեղափոխական, «չուզող» կամ «աբիժնիկ» հայտարարում (որքան էլ տարօրինակ է՝ ընդամենը յոթ ամսում իշխանություններին հաջողվեց իրենց շարքերում «աբիժնիկների» նկատելի մասսա ձևավորել):

Այնուամենայնիվ, պիտի ասեմ, որ հետաքրքիր կլինի լսել իշխանությունների առաջին դեմքերի բացատրությունը Ջրային կոմիտեի նախագահի ու պարգևավճարների կոնկրետ դեպքի մասին: Մի կողմ թողնենք այն, որ այս նշանակման ժամանակ որոշ փորձագետներ նշեցին, որ ոլորտի խոշոր սեփականատերերին կամ նրանց հետ փոխկապակցված անձանց ոլորտի պետական մենեջեր նշանակելը սխալ է ընդհանրապես, և նախկին իշխանությունների գործած կոպիտ սխալներից է` մասնավորապես:

Ջրային կոմիտեի նախագահն իր 100-ից ավելի աշխատակիցներին պարգևատրել է 150 տոկոսի չափով: Ըստ լրատվամիջոցների՝ չի մոռացել իրեն էլ՝ որպես պարգևավճար, դուրս գրել մոտ 500 հազար դրամ, ապա այն փոխանցել «Իմ քայլը» հիմնադրամին: Այ, սա արդեն նախկին հանրապետականներից էլ հին տրյուկ-հնարք է:

Խորհրդային՝ «Ո՞ւմ կարելի է համարել իսկական կոմունիստ» հարցի պատասխանն էր. «Նրան, ով «լևի» գումարներից կուսակցական անդամավճար է մուծում»: Ժողովողը ճիշտ է` ոչ մի նոր բան չկա այս լուսնի տակ:

Տեսանյութեր

Լրահոս