Բաժիններ՝

Բացահայտվել է շուրջ 2կգ 400 գրամ թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 2 կգ 400 գրամ թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք։

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Վրաստանի քաղաքացի հանդիսացող ազգությամբ հայ, 1982թ. ծնված տղամարդը Հայաստանում զբաղվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Քննությամբ պարզվել է, որ խմբի կազմում իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել, Երևանում վարձակալած բնակարանում պահել առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի, այդ թվում՝ 303,32 գրամ «Հաշիշ», 3,2827 գրամ «ՄԴՄԱ» (մեթիլենդիօքսիմեթամֆետամին), 1 կիլոգրամ 965 գրամ այլ ֆորմուլայով «Սփայս» տեսակի, և 123.41 գրամ «Կոկաին» տեսակի թմրամիջոց։

Քրեական գործով պարզվել է հանցավոր խմբի մեջ ներգրավված 4 անձի ինքնություն, որոնցից մեկը՝ իգական սեռի։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և որպես խափանման միջոց ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Եվս երկու մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, հանձնարարություն տրվել ոստիկանության ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

4-րդ մեղադրյալի՝ Վրաստանի քաղաքացի հանդիսացող, ազգությամբ հայ, 36-ամյա տղամարդու նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը թույլատրելի էր համարել գրավի կիրառումը՝ որպես գրավի չափ սահմանելով 20 մլն. ՀՀ դրամ։ Քննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինը տվյալներ է ստացել, որ մեղադրյալը, գտնվելով ազատության մեջ, շարունակում է հանցավոր գործունեությունը և դատախազության կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք։ 2019թ. հունվարի 10-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն անթույլատրելի է ճանաչել գրավի կիրառումը և բեկանել ստորադաս դատարանի որոշումը։ Նա հայտնաբերվել է Երևան քաղաքում, անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ, այդ թվում՝ առանձնապես խոշոր չափի՝ 0.35 գրամ «Կոկաին» տեսակի թմրամիջոց, ինչպես նաև՝ «Մետամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող 2.47գրամ  բյուրեղանման զանգված, «Սփայս» տեսակի թմրամիջոցի նմանվող 10.92 գրամ շագանակագույն, յուրահատուկ հոտով փոշենման զանգված։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ նրան առաջադրվել է նոր մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբի բոլոր անդամների ինքնությունը պարզելու և նրանց գործողություններն անհատականացնելու  ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս