
Դելիում տեղատարափները մի քանի ժամով կազմալուծել են ճանապարհային երթևեկությունը

Հուժկու ամպրոպային տեղատարափները եւ փոթորկահույզ քամին հունվարի 22-ի առավոտյան նոր ուժով են մոլեգնել Հնդկաստանի Դելիի Ազգային մայրաքաղաքային տարածաշրջանում՝ այնտեղ մի քանի ժամով գործնականում լիովին կաթվածահար անելով ճանապարհային երթեւեկությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստիին:
Հնդկաստանի մայրաքաղաքում սաստիկ անձրեւն սկսվել է հունվարի 21-ին եւ շարունակվել մինչեւ երեկո: Սակայն «գիշերային կարճատեւ դադարից» հետո տարերքը վերստին հարվածել է քաղաքին. դա տեղի է ունեցել առավոտյան ժամը մոտավորապես 8-ին (Երեւանի ժամանակով 06:30-ին), երբ քաղաքի բնակչության մեծ մասը գտնվում էր աշխատավայր տանող ճանապարհին: Առատ տեղումների եւ ցածր տեսանելիության պատճառով, որը չի գերազանցել 5 – 7 մետրը, Դելին բառացիորեն կանգ է առել խցանումների մեջ:
Երկարատեւ տեղատարափ անձրեւները մայրաքաղաքի տարածաշրջանում նաեւ հանգեցրել են մի քանի աստիճանով օդի ջերմաստիճանի իջեցման: Հնդկաստանի Օդերեւութաբանական դեպարտամենտում հայտնել են, որ այդ տարածաշրջանում վատ եղանակը կմոլեգնի եւս առնվազն մեկ օր, ինչից հետո անձրեւները տեղի կտան, սակայն շաբաթվա վերջին նոր ուժով կտեղան քաղաքում: