Կրկնակիից ավելի աճել են ՄԻՊ-ին հասցեագրվող բողոքները պետական մարմինների կողմից քաղաքացիների դիմումներին չպատասխանելու վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության կարևոր ուղղություններից է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքացիների դիմումներին, նրանց բարձրացրած խնդիրներին պատշաճ պատասխանելուն հետևելը: Աշխատանքի այս ուղղությունը ներառում է նաև այդ մարմինների կողմից լրագրողական հարցումների պատասխանների տրամադրման հարցերը:
Մարդու իրավունքների պաշտպանի առաջնային ուշադրությունն այս ոլորտի նկատմամբ, նախևառաջ կոչված է նպաստելու պետության հաշվետվողականության ամրապնդմանը, քաղաքացի-պետություն կապի ապահովմանը: Այն ներառում է նաև լրագրողների հարցումներին պատասխանելու պրակտիկայի մոնիթորինգը, քանի որ լրագրողի մասնագիտական աշխատանքի շնորհիվ է իրացվում տեղեկություններ ստանալու յուրաքանչյուրի իրավունքը և ի վերջո՝ այդ կերպ է նաև երաշխավորվում քաղաքացիական վերահսկողությունը պետության նկատմամբ:
Պաշտպանի աշխատակազմում վարվում է առանձին վիճակագրություն տեղեկատվության ազատության ոլորտում գրավոր և բանավոր բողոքների վերաբերյալ անհրաժեշտության դեպքում առաջարկներ ներկայացնելու նպատակով: Աշխատանքի այս ուղղությունն արդեն իսկ լինելու է Պաշտպանի առաջնահերթ ուշադրության ներքո։
Մասնավորապես, եթե 2016 թվականին ստացվել է քաղաքացիների դիմումներին չպատասխանելու վերաբերյալ 38 բողոք, 2017 թվականին՝ 46, ապա 2018 թվականին բողոքների թիվը կրկնակիից ավելի աճել է՝ հասնելով 109-ի։
Եթե 2016 թվականին բողոքների հիմնական մասն վերաբերել է Պաշտպանության նախարարությանը, Կառավարության աշխատակազմին և Քննչական կոմիտեին, ապա 2017 թվականին՝ Ոստիկանությանը, Դատախազությանը, Քննչական կոմիտեին, Պաշտպանության նախարարությանը և Առողջապահության նախարարությանը։
2018 թվականի հունվար ամսից մինչև մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում Պաշտպանը ստացել է 45 բողոք, որոնց հիմնական մասն ուղղված է եղել Ոստիկանության, Պաշտպանության նախարարության, Հայաստանի ազգային արխիվի, Կառավարության աշխատակազմի դեմ, իսկ 2018 թվականի հունիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում թվով 64 բողոքների մեծ մասը վերաբերել է Առողջապահության նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին, Ոստիկանությանը, Արդարադատության նախարարության մարմիններին, այդ թվում՝ Քրեակատարողական ծառայությանը: