«Պրեմյա» յուրայիններին, օպտիմալացում՝ մյուսներին. ինչո՞ւ են նեղվում, երբ համեմատում են ՀՀԿ-ի հետ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հանգստյան օրերի հիմնական տեղեկատվական առիթը պարգևավճարների թեման էր: Մի շարք մարզպետներ Ամանորի շեմին որոշել էին իրենց և իրենց տեղակալներին, օգնականներին բարձր պարգևավճարներ տրամադրել:

Նոր իշխանությունների ցանկացած քայլ, այդ թվում՝ ֆինանսական գործարքների հետ առնչվող, գտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում, ինչը բնական է:

Նախորդ իշխանության հետ կապված կարծրատիպերը վերջնականապես արմատախիլ չեն եղել, իսկ իշխանության վարքը դեռևս այդ կարծրատիպերին որոշակի կենսունակություն է հաղորդում:

Խնդիրը, սակայն, ոչ թե պարգևավճարն է ինքնին, այլ այն, որ իշխանությունները շարունակում են անփութորեն վատնել իրենց վստահված ահռելի քաղաքական կապիտալը:

Հասարակությունն ակնկալում է որակապես նոր մակարդակի վերնախավ, որի հանդեպ, բնականաբար, խստապահանջ է, իսկ վերնախավը ոչ միայն հեռու է ասկետիզմի դրսևորումներից, այլ լրիվ հակառակը:

Ավելին՝ նույնիսկ նեղսրտում են, թե ինչո՞ւ են համեմատվում ՀՀԿ-ի հետ կամ արդյո՞ք իրավունք չունեն խաշ ուտելու: Խնդիրն ունի մեկ այլ կողմ ևս:

Իշխանությունները անընդհատ հայտարարում են կառավարության օպտիմալացման և արդյունավետության բարձրացման մասին, որոնք ենթադրում են որոշակի ցավոտ ռեֆորմներ:

Արդեն սեղանին կա դրված կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծը, և ենթադրվում է, որ որոշ նախարարություններ կմիավորվեն, որոշները ընդհանրապես կփակվեն: Եվ այս պայմաններում պարգևավճարների աղմկահարույց թեման, անշուշտ, կուռ հակափաստարկ է ընդդեմ այդ փոփոխությունների:

Ստացվում է՝ այդ փոփոխություններն արվում են այլոց, բայց ոչ երբեք քաղաքական թիմի հաշվին:

Մոտավորապես նույն կերպ էլ փաստացի բաժանվել են պարգևավճարները՝ իրենք իրենց, բայց ոչ ստորին և միջին օղակի աշխատողներին, որոնք ունեն այդ պարգևավճարների և դրանցով մոտիվացվելու կարիքը:

Փոխարենն այդ ստորին և միջին օղակի աշխատողների գլխին անընդհատ թափահարվում է օպտիմալացման սպառնալիքը:

Բացի կադրային սնանկությունից, այս քաղաքականությունը կարող է տանել մեկ այլ տեղ ևս, երբ օպտիմալացման վախից բոլոր օղակներում սկսվի կուսակցականացման պրոցես, պարզապես այս դեպքում ՀՀԿ-ի փոխարեն կսկսվի հոսք դեպի ՔՊ՝ բնականաբար աշխատանքը չկորցնելու նկրտումներից ելնելով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս