Ինչպես Բժշկական համալսարանում տապալվեց նախարարի թիմը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ բուհի հոգաբարձուների խորհրդի նիստը, եւ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց Վահան Արծրունին:
Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն իր թիմի հետ միասին փորձեց տապալել ընտրությունը:
Երեւանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց Վահան Արծրունին, որին կողմ քվեարկեց խորհրդի անդամներից 21-ը:
Իսկ ահա մյուս թեկնածու Էդուարդ Համբարձումյանի թեկնածությանը կողմ քվեարկեց խորհրդի 7 անդամ: Արձանագրենք, որ Վահան Արծրունու թեկնածությանը դեմ քվեարկեցին Լենա Նանուշյանը, Լուսինե Քոչարյանը, Դավիթ Պետրոսյանը, Մանե Ադամյանը, Լիանա Ղալթախչյանը, Էդուարդ Համբարձումյանը, Արեն Մկրտչյանը:
Ի դեպ, նախօրեին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախաձեռնությամբ ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի որոշ ներկայացուցիչներ հավաքվել են Ծաղկաձորում եւ քննարկել են, թե ինչ անեն, որ տապալեն խորհրդի նիստը, փորձեն խոչընդոտել Վահան Արծրունու` ԵՊԲՀ խորհրդի նախագահ ընտրվելուն: Պատահական չէ, որ երեկ արդեն նրանք պահանջում էին հոգաբարձուների խորհրդի նիստը անցկացնել փակ: Նրանց առաջարկը մերժվեց: Երեկ մերժվեց նաեւ հոգաբարձուների խորհրդի նախագահի քվեարկությունը փակ անցկացնելու առաջարկը, եւ արդյունքում Արծրունին 21 կողմ ձայնով ընտրվեց: Իսկ նախարարի թեկնածու Համբարձումյանը ստացել էր 7 կողմ ձայն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: