Որևէ փոփոխություն նկատելի չէ
«Հայ-ամերիկյան օրակարգը շատ լայն կարող է լինել, սակայն երկու կողմերի համար պրակտիկ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակն այդքան էլ մեծ չէ, և դրա համար կան որոշ օբյեկտիվ պատճառներ: Հայաստանի նման երկրների հետ հարաբերությունները համակարգվում են ոչ ամենաբարձր մակարդակով, քանի որ քիչ են ընդհանուր շահերը, և ԱՄՆ-ի համար կան շատ ավելի խոշոր աշխարհաքաղաքական առաջնահերթություններ ու խնդիրներ՝ հատկապես ներկայումս, որոնցով պետք է զբաղվի վերին ղեկավարությունը, և նման դեպքերում նախաձեռնողականությունը կարծես պատկանում է մյուս կողմին, այս դեպքում՝ Հայաստանին»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը՝ անդրադառնալով Մնացականյան-Պոմպեո հնարավոր հանդիպման արդյունավետությանը: Նա նշել է, որ միշտ ասել է` Հայաստանը կարևոր տարածաշրջան է, և լավ չէ, երբ ավելի մեծ ներգրավվածությամբ աշխատանք չի տարվում այս ուղղությամբ:
«Երկկողմ հարաբերությունների կենտրոնական հարցը դիտարկվում է ԼՂ հակամարտության կարգավորումը, որն արտացոլվում է ներկայիս ամերիկացի պաշտոնյաների բոլոր հրապարակային անդրադարձներում: Խոսքը և՛ նախագահ Դոնալդ Թրամփի, և՛ խորհրդական Ջոն Բոլթոնի մասին է, քանի որ դա կթուլացնի Իրանի և Ռուսաստանի քաղաքական ազդեցությունը Հարավային Կովկասում, բայց, ինչպես ավելի վաղ եմ ասել, ՌԴ-ն թույլ չի տալու դա:
Եվ ԼՂ հակամարտության կարգավորումը դիտարկվում է մի գործընթաց, որը կարող է նպաստել հետագա քաղաքական, տնտեսական և ոլորտային համագործակցության ընդլայնմանը: Բայց այս ամենի հարցում առաջընթաց չի լինի, եթե հայկական կողմն իր հստակ պատկերացումն ու օրակարգը չառաջարկի»,- ասել է Գոբլը:
Գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախն ասել է, թե Հայաստանն ինքը պետք է շահագրգռված լինի, որպեսզի տարածաշրջանում Ռուսաստանի գերակա ազդեցությունը հավասարակշռվի ԱՄՆ-ի միջոցով:
«Եթե Հայաստանը ձգտում է ժողովրդավարության և արդեն ժողովրդավարական է, ինչպես պնդում են իշխանությունները, պետք է ժողովրդավարական երկրների հետ կապը խորանա, քանի որ դա է ժողովրդավարական լավագույն փորձը ներդնելու ճանապարհը: Բայց այս պահի դրությամբ որևէ փոփոխություն նկատելի չէ Հայաստան-Արևմուտք հարաբերություններում, դրանք կարծես անտեսված են, բայց եղել են բազմաթիվ այցեր դեպի Ռուսաստան կամ եվրասիական ուղղությամբ, թեև ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ վեկտորները չեն փոխվել»,- ասել է նա:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: