Հողից-ոտքեր պտուղները՝ նոր Հայաստանի տնտեսական բանաձևը

Նոր խորհրդարանի առաջին շաբաթն աչքի ընկավ ակնհայտ զավեշտալի ելույթներով: Եղան նաև այնպիսիք, որ պակաս զավեշտալի էին՝ առաջին հայացքից, ու տնտեսագիտությունից անտեղյակ մարդուն կարող էին նույնիսկ խելացի թվալ: Այդպիսի ելույթներից էր մինչև ընտրությունները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տնտեսական հարցերով խորհրդական, իսկ այժմ՝ ԱԺ բնապահպանական հանձնաժողովի նորանշանակ նախագահ Վարազդատ Կարապետյանի ելույթը:

Փորձենք շրջանցել ելույթի պաթոսն ու տեսնել՝ ինչ է իրականում Վարազդատ Կարապետյանը հասկանում տնտեսությունից, և հետևաբար՝ ինչ խորհուրդներ է տվել Նիկոլ Փաշինյանին նախորդ 7 ամիսների ընթացքում:

Կարապետյանը Հայաստանի իր տեսլականը պատկերացնում է այսպես՝ մենք ուզում ենք, որ Հայաստանը նորագույն կրթական տեխնոլոգիաներ արտահանի, մենք ուզում ենք, որ Հայաստանն ունենա բարձր որակի առողջապահություն, Հայաստանը պետք է լինի բարձր տեխնոլոգիաների ու զարգացած ռազմական արդյունաբերությամբ երկիր. ասում է նա:

Բայց ինչպե՞ս է Վարազդատ Կարապետյանը պատրաստվում ունենալ նման երկիր:

Այստեղ գալիս ենք բուն խնդրին: Վարազդատ Կարապետյանն ասում է.

«Տնտեսական զարգացումը կարող ենք համարել առանցքներից մեկը, բայց ոչ՝ միակը: Մենք պետք է մտածենք որակյալ կրթության մասին, որակյալ առողջապահության մասին»:

Ահա այս նախադասությունը, ցավոք, լավ բան չի հուշում վարչապետ Փաշինյանին տված նրա խորհուրդների մասին: Այդ որտե՞ղ է Վարազդատ Կարապետյանը տեսել որակյալ կրթությամբ ու որակյալ առողջապահությամբ երկրներ՝ առանց տնտեսական զարգացման: Օրեցօր նվազող բնակչությամբ, ընդամենը 10 միլիարդ ՀՆԱ-ով, 30% աղքատությամբ այդ ո՞ր երկիրն է կրթական ու առողջապահական տեխնոլոգիաներ արտահանում: Այդ ինչպե՞ս կարելի է դուրս գալ աղքատության ճիրաններից, եթե ոչ՝ տնտեսական զարգացմամբ: Իսկ ինչպե՞ս զարգացնել տնտեսությունը, եթե ոչ՝ ներդրումներով: Սրանք պարզ տնտեսագիտական ճշմարտություններ են, որոնք հասկանալու համար կարելի է նույնիսկ չիմանալ, թե ով է Ադամ Սմիթը:

Դդմաշեն գյուղում, ավետում է պարոն Կարապետյանը, երեխաները Հայաստանում ռոբոտաշինության մրցույթն են հաղթել: Այս գեղեցիկ լուրը պարոն Կարապետյանը դնում է Հայաստանի տնտեսական հրաշքի մասին իր պատկերացումների հիմքում: Ի պատիվ իրեն, պարոն Կարապետյանն ընդունում է, որ միայն գյուղատնտեսությամբ գյուղական համայնքները պահել հնարավոր չէ: Բայց նրա կարծիքով՝ գյուղերում, օրինակ, կարելի է զարգացնել բարձր տեխնոլոգիաները, և պետական սուբվենցիոն ծրագրերի միջոցով աջակցել այդ գյուղերում բարձր տեխնոլոգիաների զարգացմանը: Վարազդատ Կարապետյանի ասած «սուբվենցիան» Պողոս Առաքյալից մեջբերում չէ և ընդամենը նշանակում է, որ պետությունը պետք է իր միջոցներից փող տրամադրի նման գյուղերը զարգացնելու համար:

Իսկ որտեղի՞ց տրամադրի պետությունն այդ փողը, եթե նույնիսկ տեսականորեն ընդունենք, որ Դդմաշենը մի օր կարող է մրցել «Սիլիկոնային հովտի» հետ: Որտեղի՞ց են գոյանում պետական միջոցները: Կզարմանաք, բայց դա նույնպես պարզ տնտեսագիտական մեխանիզմ է: Որպեսզի պետությունը փող ունենա, երկրում պետք է ներդրումներ լինեն առավել մրցունակ ճյուղերում:

Որպեսզի այդ մրցունակ ճյուղերը շահույթ ապահովեն, իսկ պակաս մրցունակները, օրինակ՝ Դդմաշենում ռոբոտաշինության զարգացումը, պետական սուբվենցիայի օգնությամբ զարգանան:

Վարազդատ Կարապետյանը, սակայն, չի ուզում ներդրումներ ներգրավել: Մի քանի ամիս առաջ նա նույնիսկ ասել էր, թե «Դրսի ներդրման նպատակը շահույթ ստանալն է, իսկ մենք ուզում ենք երկիր, որտեղ ժողովուրդը երջանիկ է»: Տնտեսագետը, որը համարում է, որ ժողովրդի երջանկության բանալին տվյալ երկրում շահույթ հետապնդող ներդրումների բացակայությունն է, նույնն է թե՝ բժիշկը, որը համարում է, որ թոքախտի բուժման լավագույն մեթոդը ծխելն է:

Պարոն Կարապետյանին ստիպված ենք հիշեցնել տնտեսագիտության այբուբենը: Որպեսզի Հայաստանը կարողանա ունենալ մրցունակ կրթություն, առողջապահություն ու ռազմական արդյունաբերություն, անհրաժեշտ են շահույթ հետապնդող ներդրումներ: Ընդ որում, եթե երկիրն ունի բնական ռեսուրսներ, դա արդյունաբերական պոտենցիալ ստեղծող, մեծ կապիտալ ներդրումներ ներգրավող և ահռելի մուլտիպլիկատիվ էֆեկտ ստեղծող առաջնային ճյուղերից է: Բայց Վարազդատ Կապարետյանի պատկերացումները տնտեսության մասին այլ են: Նա խոսում է պոեզիայի լեզվով:

«Մեր երկրի արմատը էս հողի մեջ ա թաքնված: Դու պետք է երկար կանգնես հողի վրա, ինքը տակից կմտնի ոտերիդ մեջ, ու դու կսկսես պտուղ տալ»: Այս դարձվածքին կարող էր նախանձել լուսահոգի Սիլվա Կապուտիկյանը, բայց եթե Փաշինյանի թիմի հազվագյուտ տնտեսագետներից մեկի պատկերացումը տնտեսության մասին հողից-ոտքեր-պտուղ բանաձևն է, վայ մեզ… Ինչ վերաբերում է բնական ռեսուրսներին, ահա ևս մեկ մտահոգիչ բանաձև:

«Մենք ունենք տասն անգամ ավելի մաքուր ջուր, քան մեր բոլոր հարևանները՝ իրար հետ վերցրած»,- ասում է Վարազդատ Կարապետյանը՝ եզրահանգելով, որ դա ավելի թանկ է, քան բոլոր բնական ռեսուրսները, հանքերն ու նավթը:

Նախ՝ հետաքրքիր է, ինչ մեթոդաբանությամբ է պարոն Կարապետյանը հաշվարկել բոլոր հարևանների ջրի մաքրությունը և ինչ բանաձևով է այդ մաքրությունները բազմապատկել տասով: Երբ այս լեզվով են խոսում ակտիվիստները, դա հասկանալի է, բայց երբ ԱԺ ամբիոնից ջրերի մաքրության տարածաշրջանային ինվենտարիզացիա է անում ՀՀ վարչապետին տնտեսական խորհուրդներ տվող անձը, դա, ներեցեք, փոքր-ինչ վախենալու է:

Վարազդատ Կարապետյանի ելույթից կարելի է ենթադրել, թե ով է վարչապետ Փաշինյանին խորհուրդ տվել, օրինակ, ամենաանտրամաբանական ձևով տապալման եզրին հասցնել երկրի միակ խոշոր օտարերկրյա ներդրումը՝ Ամուլսարը, տուրք տալով մի խումբ ակտիվիստների ճնշումներին: Որ ակտիվիստների պատկերացումները տնտեսության մասին ոչ մի զարգացում չեն ապրել «ջերմուկ ծախենք, երկիր պահենք» 90-ականների հայտնի պոստուլատից ի վեր, զարմանալի չէ: Այ, որ վարչապետի տնտեսական խորհրդականի պատկերացումներն են նույն մակարդակի վրա, դա արդեն ազգային անվտանգության խնդիր է:

Ընդ որում, Վարազդատ Կարապետյանի՝ Հայաստանի ջրերի մաքրության կասկածելի թեզը կարելի է վիճարկել այն հանգամանքով, որ ջրերն աղտոտող բազմաթիվ այլ հանքեր Փաշինյանի կառավարության օրոք հանգիստ շարունակում են աշխատել, իսկ ա՛յ, միջազգային չափանիշերով աշխատող ու գուցե հենց ջրերը չաղտոտող միակ ներդրողի գործունեությունը կասեցված է:

Ու Ամուլսարի շուրջ ստեղծված այս իրավիճակն արդեն իսկ երաշխիք է, որ ներդրումների գրավչության առումով Հայաստանի քիչ մրցունակ ճյուղերից մեկը՝ հանքարդյունաբերությունը, առաջիկայում հազիվ թե որակյալ ներդրումներ ներգրավի: Այնպես որ, ներդրողին տապալելու արդեն ամիսներ տևող գործընթացը ջրերի մաքրության պոեզիայով արդարացնելը, մեղմ ասած՝ համոզիչ չէ, հատկապես՝ աշխատող այլ հանքերի ֆոնին:

Չգիտեմ՝ ինչպես է Վարազդատ Կարապետյանը չափել Ադրբեջանի ջրերի մաքրությունը: Հիշեցնեմ միայն, որ հենց նավթարդյունահանման մեջ խոշոր արևմտյան ընկերությունների շահույթ հետապնդող ներդրումների շնորհիվ է Ադրբեջանն այսօր զարգացնում ռազմական արդյունաբերությունը:

Ու մինչ Վարազդատ Կարապետյանը երազում է Դդմաշենում ռոբոտաշինության մասին, Ադրբեջանը զենք է արտադրում: Մինչ Վարազդատ Կարապետյանը երազում է որակյալ առողջապահության մասին, հարյուրավոր հայկական ընտանիքներ արտագաղթում են ավելի լավ կրթություն ու առողջապահություն ապահովող Կանադա, որի տնտեսության հիմքը հենց հանքարդյունաբերությունն է: Իսկ այդ ընթացքում՝ Թումանյանի «Անխելք Մարդը» հեքիաթի հերոսի նման, Հայաստանը վանում է հանքարդյունաբերության ոլորտի որակյալ ներդրումները՝ հավանաբար սպասելով հողից-ոտքեր-պտուղ բանաձևով տնտեսական հրաշքին:

Երբ մեր երկրում պոեզիան ու լալահառաչ պաթոսը դուրս մղվեն տնտեսության շուրջ քննարկումից, գուցե և մենք էլ կունենանք տնտեսություն ու ներդրումներ: Կոռուպցիան միայն ներդրողից կաշառք պոկելը չէ, կոռուպցիան նաև անկոմպետենտությունն ու օրենքը լալահառաչ պաթոսին ստորադասելն է:

Առայժմ ԱԺ ամբիոնից Վարազդատ Կարապետյանի ելույթից մի լավատեսական եզրակացություն կարելի է անել: Միգուցե նրան ԱԺ գործուղելուց հետո վարչապետ Փաշինյանն ավելի կոմպետենտ տնտեսական խորհրդական կվարձի:

ՎԱՉԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս