«Հայոց լեզվի ուսուցչուհի ունեի, որն ինձ անվանում էր «մարտնչող ապուշ»….». Լուսինե Բադալյան
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը հասարակական գործունեությունից հետո անցել է օրենսդիր աշխատանքի և ընդգրկվել խորհրդարանի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում: «Արմենպրես»–ի թղթակցի հետ զրույցում պատգամավորը պատմեց այն մասին, թե ինչպես է ծնվել սերը հաղորդավարական գործի հանդեպ, ինչպես է մասնակցել հեղափոխությանը և դարձել իշխանության մի մաս:
-Սովորել եք Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի արվեստաբանության բաժնում: Կպատմե՞ք, թե ինչպես մուտք գործեցիք ռադիո, հեռուստատեսություն:
-Ընդունվել եմ բարձրագույն ուսումնական հաստատություն, որպեսզի կարողանամ աշխատել ռադիոյում: Դեռ դպրոցական տարիներից դա իմ մեծ երազանքն էր: Երբ առաջին անգամ զանգահարեցի «Հայ FM» ռադիոկայան, որը նոր էր բացվել, և հարցրեցի, թե ի՞նչ է անհրաժեշտ այնտեղ աշխատելու համար, պատասխանեցին, որ, նախևառաջ, պետք է բարձրագույն կրթություն ունենալ: Ասացի` լավ, ես կստանամ այդ կրթությունը և կխոսենք:
Հետո ամեն բան ինքնաբերաբար ստացվեց: Սովորում էի համալսարանում և այնտեղ պետք է ռադիո բացվեր: Այդ նպատակով հետաքրքիր կադրեր էին փնտրում: Երբ խումբը ձևավորվեց, ինձ ուղարկեցին «Հայ FM» ռադիոկայան պրակտիկայի: Ճակատագրի բերմամբ հայտնվեցի հենց այն հաղորդավարների մոտ, որոնց շատ էի սիրում: Հասկացա, որ հնարավոր չէ այդտեղ անմիջապես աշխատել, քանի որ լուրջ պրոֆեսիոնալներ են և աճել է պետք:
Հետո «քասթինգ» հայտարարեց Հայաստանի հանրային ռադիոն: Մասնակցեցի ու անցա: Հենց այդ շրջանում Հանրային հեռուստատեսությունն էր երիտասարդ կադրեր փնտրում: Այնտեղ էլ ինձ ընտրեցին: Հանրային ռադիոյում և Հանրային հեռուստատեսությունում երկար չմնացի, հետո հայտնվեցի իմ երազանքների «Հայ FM»-ում: Ձայնս լսեցին, հավանեցին և հրավիրեցին «Պրոմեթևս» հեռուստաընկերություն: Սկսվեց առանց դադարների իմ քսանամյա աշխատանքն այդ բնագավառում:
-Իսկ ի՞նչն էր ձեզ գրավում այդ դաշտում: Գուցե բանիմաց, սիրված և հայտնի մարդկանց հետ զրուցե՞լը, գուցե …
-Այնպես չէ, որ ես մանկուց ցանկանում էի դառնալ բժիշկ և հանկարծ ինձ գրավեց հաղորդավարությունը: Բակում, մանկապարտեզում, դպրոցում բոլոր ճամբարների, հանդեսների կազմակերպիչն ու հաղորդավարն էի: Ի վերջո` մայրս էր հաղորդավար (Արևիկ Չոբանյանը եղել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հաղորդավար-հեղ.): Ծնված օրվանից եղել եմ այդ միջավայրում: Պետք է խոստովանեմ` երբեմն նյարդայնանում էի, որ բակում խաղալու փոխարեն ստիպված էի մորս հետ շրջագայել Հայաստանի տարբեր մարզերով, բայց արդեն արմատավորվել էր հաղորդավար լինելու ցանկությունը, և շրջապատողներն ասում էին, որ ստացվում է:
-Հայտնիներն հաճախ են ասում, որ բավականին դժվար է ունենալ ամուր, կայուն ընտանիք և ձեռքբերումների հասնել մասնագիտական ասպարեզում: Դուք կարծես հաջողել եք երկու դեպքում էլ: Ինչպե՞ս:
-Շատ երիտասարդ տարիքում կարծում էի, որ այդ երկուսը հնարավոր է համատեղել: Եթե որևիցե մեկին դա չի հաջողվել, ապա ես կլինեմ առաջինը: Վերջերս եկա այն եզրակացության, որ դա պրակտիկորեն անհնար է: Երկուսից մեկում հաստատ կթերանաս: Ես ամեն բան արեցի, որ ընտանիքում թերացումներ չլինեն: Դու ստիպված ես ընտրել: Որպես մայր, որպես կին քմահաճ եմ ու չեմ կարող թույլ տալ, որ դայակը զբաղվի իմ երեխաներով: Ես ամեն վայրկյան պետք է նրանց կողքին լինեմ, երեխաները պետք է զգան մայրական սերը, հոգատարությունը, ընկերությունը: Եվ այդ մտածելակերպով դժվար է: Չեմ կարող ասել, որ չի ստացվել համատեղել, բայց վստահաբար ավելի լավ կլիներ, եթե ամբողջությամբ չտրվեի ընտանիքին:
Հետևաբար` մասնագիտություն ընտրելիս կամ ընտանիք կազմելու որոշում կայացնելիս պետք է շատ երկար ու լրջորեն մտածել, հասկանալ արդյոք պատրա՞ստ ես զոհաբերությունների: Ներկայումս շատ հեշտ է խոսել, քանի որ ընտանիքում ամեն բան կարգին է, երեխաները մեծացել են ու կարելի է աստիճանաբար չխանգարել նրանց, ազատություն տալ ու զբաղվել աշխատանքով:
-Ի տարբերություն շատ հաղորդավարների, որոնք հաճախ են երևում եթերում, դուք միշտ ակտիվ եք եղել հասարակական, քաղաքական կյանքում: Ձեր կարծիքն եք արտահայտել երկրում կատարվող կարևորագույն քաղաքական իրադարձությունների վերաբերյալ: Անցումը հաղորդավարությունից քաղաքականություն սահո՞ւն էր:
-Բնավորության խնդիր է: Հայոց լեզվի ուսուցչուհի ունեի, որն ինձ անվանում էր «մարտնչող ապուշ», որովհետև ես միշտ պայքարում էի իմ պատկերացմամբ անարդարությունների դեմ: Ուսուցիչները հաճախ էին դասերից հետո զրուցում ինձ հետ` ասելով, որ արդարամտությունը շատ լավ է, բայց պատեհ անպատեհ զոհաբերությունը` ոչ: Ուրիշի սխալները քեզ վրա վերցնել, որովհետև դու ավելի ուժեղ ես ու կարող ես հաղթահարել խնդիրները, ճիշտ չէ:
Նրանք տարիներ շարունակ շեշտում էին, որ սեփական սխալի համար պատասխան տալը ճիշտ է, իսկ ուրիշի սխալի համար պատասխան տալուց առաջ անպայման պետք է մտածել: Չեմ կարող ասել, որ նրանց հորդորները տեղ են հասել: Թերևս քառասունին մոտ սկսեցի հասկանալ, որ ամեն մեկս միայն մեզ համար ենք պատասխանատու: Բայց դա բնավորություն է և դրա դեմ պայքարելը շատ ապարդյուն է: Ըմբոստությունն անհնար է սպանել: Երբ երկրում անարդարությունները շատ էին ու ամեն բան կուտակվել էր, եռում էր, պետք էր խոսել:
Հաճախ եմ լսել, որ շատ սխալ եմ վարվում, որ շատ բան կկորցնեմ, ասում են՝ «Այնպես չէ, որ ոչ ոք չի նկատում, թե ինչ է կատարվում, բայց խելացի մարդիկ լռում են»: Ընկերներիս, հարազատներիս ասացի, որ չեմ կարող փոխվել: Եթե դուք կարող եք կանգնել իմ թիկունքին այնպես, ինչպես ես եմ կանգնում ձեր թիկունքին ու չեմ քննարկում ճիշտ եք, թե սխալ, ապա արեք այդպես, հակառակ դեպքում հանգիստ թողեք, հարցերս կլուծեմ այնպես, ինչպես ճիշտ եմ գտնում: Նրանք հասկացան, որ ինձ հնարավոր չէ հետ պահել: Ինչքան էլ սխալվես, խնդիրներ ունենաս, ավելի լավ է պահպանել դեմքդ ու դիմագիծդ, քան լռել, կեղծել ու դեմ գնալ սկզբունքներիդ:
Ընդունում եմ իմ շրջապատին այնպիսին, ինչպիսն նրանք կան՝ իրենց թերություններով ու առավելություններով, չեմ փորձում նրանց կատարելագործել. նույնը պահանջում եմ նրանցից:
-Հիշում եմ` նախորդ տարվա ապրիլին, երբ երկրում հեղափոխություն էր տեղի ունենում և նախնական շրջանում թվում էր, թե կարող է խուճապ առաջանալ, դուք այն մարդկանցից էիք, որն առաջարկեց կանգնել իշխանության ու ժողովրդի միջև և թույլ չտալ, որպեսզի բախում լինի: Ի սկզբանե հավատո՞ւմ էիք հեղափոխությանը:
– Ինքս ինձ չէի հարգի, եթե իմանայի, որ հեղափոխությունը հաղթելու է և այդ պատճառով կանգնեի առաջին շարքերում` դառնալով առաջամարտիկ: Մինչև վերջ էլ չէի հավատում, որ հաղթանակ կլինի: Դրանով հանդերձ իրավունք չունեի հետ կանգնել այդ ամենից, քանի որ տարիներ շարունակ պայքարել էի: Դա էր պատճառը, որ գրառում արեցի, որ հավատում եմ իրենց ու կանգնելու եմ իրենց կողքին ու եթե պարտվեն, ես էլ իրենց հետ կընդունեմ դա: Բարեբախտաբար չպարտվեցին:
Իշխանության շարքերում հայտնվելու նպատակ չունեի: Հեղափոխությունից հետո, երբ ձևավորվում էր իշխանությունը, նրանց շարքերում որոշակի տեղ զբաղեցնելու մասին քննարկումներ կային, բայց դա հեշտ որոշում չէր: Մտածում էի, թե ինչպե՞ս կարող եմ ավելի օգտակար լինել ժողովրդին` դառնալով կառավարության մի մաս, թե՞ իմ աշխատանքով: Այդ պահին կարծում էի, որ օգտակար կլինեմ իմ գործով:
Երևանի ավագանու ընտրություններից առաջ կրկին մտածում էի, որ եթե առաջադրվեմ և անցնեմ, գուցե մի որևէ խելացի մարդու տեղ զբաղեցնեմ, որը կկարողանար ավելի շատ բան անել, քան ես: Այդ ժամանակ բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող ընկերներիցս մեկն ասաց, որ իդեալականության տեսանկյունից ես ճիշտ եմ, բայց փորձը ցույց է տալիս, որ եթե դու չես զբաղվում քեզ առաջարկած գործով, հանկարծ տեսնում ես, որ այդ վայրում այնպիսի մարդ է հայտնվել, որը քեզանից քիչ գիտի և դու ավելին կարող էիր անել: Դա լսելով` մասնակցեցի ընտրություններին, իսկ ԱԺ ընտրություններին արդեն պատրաստ էի:
-Որպես Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր ո՞ր ոլորտներին եք հատկապես մեծ ուշադրություն դարձնելու:
– Ընդգրկվել եմ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում: Երկար տարիներ առողջապահության ոլորտում բարեգործական ակցիաներ եմ անցկացրել: Բարեգործական ֆոնդի համահիմնադիր եմ, հոգաբարձուների խորհրդի անդամ: Ամուսնուս առողջական խնդիրների պատճառով մեկնեցի արտասահման, երկար ժամանակ անցկացրեցի այնտեղ: Համեմատելու շատ բան կար տեղական և այնտեղի առողջապահական, սոցիալական ոլորտների միջև: Հետագայում համագործակցելով առողջապահական ոլորտի ներկայացուցիչների հետ` փորձում էինք հասկանալ, թե ինչո՞ւ են շատ հարցեր արտերկրում լուծելի, իսկ մեզ մոտ ոչ: Հրաշալի պատկերացնում եմ այդ բնագավառը:
-Որո՞նք են այն հիմնական խնդիրները, որոնք առկա են այդ բնագավառներում և հրատապ լուծումներ են պահանջում:
-Հրատապ խնդիրներ կային, որոնք հասցրեցինք լուծել մինչև իմ Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելը: Ուռուցքաբանության ոլորտում կան բազմաթիվ դեղեր, որոնք լիցենզավորված չեն և զարտուղի ճանապարհներով հասնում են Հայաստան, և դու երբեք չես կարող վստահ լինել որակյալ են դրանք, թե՞ ոչ: Դրանք պետությունը չի ներկրում, թանկ են, քանի որ բերողն է որոշում գինը: Հեղափոխությունից հետո, երբ ՀՀ առողջապահության նախարար նշանակվեց Արսեն Թորոսյանը, այդ խնդիրները բարձրաձայնեցինք: Մեկ ամիս առաջ իմացա, որ պետությունն արդեն սկսել է այդ գործընթացը և դեղերն անվճար են լինելու:
-Մարդիկ, ովքեր ձեզ ճանաչում են, հնարավորություն են ունեցել թեկուզ կարճ ժամանակով ձեզ հետ հաղորդակցվելու, փաստում են, որ դուք ջերմ, անմիջական, սրտաբաց մարդ եք: Մենք բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես է իշխանությունը փոխել մարդուն: Մտավախություն չունե՞ք, որ այն ձեզ էլ մեծամիտ կդարձնի:
-Հեղափոխությունը չի եղել միայն նրա համար, որ իշխանությունը փոխվի: Այն եղել է այն պատճառով, որ շատ ոլորտներում և հենց մեր ուղեղում լինի հեղափոխություն: Իհարկե, նախկինում այդպես էր, որովհետև իշխանությունը և փողը բավականին լուրջ բաներ են, որոնց ամենաազնիվ մարդն անգամ անզոր է դիմակայել: Դու չես ցանկանում փոխվել, բայց ժամանակի ընթացքում այդպես է լինում, ու դու չես նկատում: Մենք մտածում ենք, որ չենք եկել իշխանության, այլ եկել ենք ծառայելու:
Այդ դեպքում դու ոչ թե վերևից ես նայում մարդկանց, այլ կրում ես պատասխանատվություն նրանց խնդիրները լուծելու համար:
Շոու-բիզնեսում նույնպես կան մարդիկ, որոնք անցել են հայտնիության ճանապարհը նույնն են մնացել և կան մարդիկ, որոնք փոխվել են, հեռացել են, մեծամտացել են: Ես այդ ճանապարհը հասցրել եմ անցնել, վայելել եմ ճանաչումը, լսել եմ հրաշալի խոսքեր, գովեստներ ու ժամանակի ընթացքում հասկացել, որ դա իրականում մի մեծ բան չէ, կյանքում ավելի լուրջ ու կարևոր արժեքներ կան: Հաճելի է, որ քեզ հաճոյախոսում են, երբ միշտ ուշադրության կենտրոնում ես, բայց երբ դա և քո որդեգրած այլ ավելի կարևոր արժեքները` սերը, ընտանիքը, հարազատությունը, ընկերությունը կշեռքի նժարին ես դնում, զգում ես, որ այդ ամենը կարող էր չլինել: Հիմա ես չեմ պատկերացնում` այդ ի՞նչ պետք է լինի, որ իմ բնավորությունը կամ մտածելակերպը փոխվի: Ես իմ մտերիմներին խնդրում էի, որ եթե հանկարծ նկատեն, որ տարվում եմ, ապա ամենայն խստությամբ ու կոպտությամբ ինձ վար իջեցնեն: Պատկերացրեք` այդ ավանդույթը գործում է: Շատ կարևոր է ունենալ ադեկվատ, սառը դատող և խիստ բարեկամներ, որոնք հարկ եղած դեպքում կարող են քեզ երկնքից վար բերել: Ինձ թույլ չեն տա կտրվել իրականությունից:
Զրուցեց Անժելա Համբարձումյանը
Լուսանկարը՝ Տաթև Դուրյանի