«Ցանկացած հարկային բեռի, տեղական տուրքերի անհարկի ավելացում, թանկացումներ կարող են բացասական անդրադարձ ունենալ». Մեխակ Ապրեսյան
Հայաստանում զարգանում է ձմեռային զբոսաշրջությունը և Հայաստանի նկատմամբ զբոսաշրջիկների հետաքրքրությունը։
«Տուրիզմի հայկական ֆեդերացիա» հ/կ նախագահ Մեխակ Ապրեսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ համեմատած սեզոնային զբոսաշրջության հետ՝ ձմեռային զբոսաշրջությունը մի քիչ ավելի պասիվ է, սակայն նախորդ տարիների համեմատ աստիճանաբար ակտիվանում է։ Քանի որ Հայաստանում կան ձմեռային զբոսաշրջության սպորտային ձևեր, որոնք լավ զարգանում են և ներքին ու արտաքին շուկայի համար դառնում ավելի գրավիչ։
«Հիմնականում զբոսաշրջիկները գալիս են Ռուսաստանից, եվրոպական երկրներից, Հնդկաստանից, արաբական երկրներից։ Հայաստանի նկատմամբ Չինաստանից նույնպես կա հետաքրքրություն, հեռավոր արևելյան երկրներից՝ Կորեան, Ճապոնիայից նույնպես լավ միտումներ կան։ Ճիշտ է, դեռևս պաշտոնական վիճակագրությունը չի հրապարակվել, սակայն սա ասում եմ հարցումների և կանխատեսումների հիման վրա։ Վիճակագրական տվյալները կունենանք հունվարի վերջին, փետրվարի սկզբներին։
Օրինակ, եթե վերլուծենք 2017 թվականի զբոսաշրջային միտումները, նաև Ամանորի հետ կապված, դեկտեմբերին ունեցել ենք 140 հազար կամ մի քիչ պակաս ներգնա այցելություններ, ինչը 12 տոկոսով ավելի էր, քան դրա նախորդ տարվա ցուցանիշը»,- ասաց Մ. Ապրեսյանը։
Նրա խոսքով՝ ձմռանը Հայաստան եկող զբոսաշրջիկները հիմնականում նախընտրում են գնալ Ծաղկաձոր և Ջերմուկ, չնայած աստիճանաբար հայտնի է դառնում նաև Գյումրի քաղաքն իր շրջակայքով։
Քանի որ լեռնադահուկային սպորտաձևը զարգանում է Կրաշենում ու Վարդաշենում, Սեպասարում, դահուկավազքի մեծ հնարավորություններ է տալիս Աշոցքի տարածաշրջանը։
«Մենք ունենք նաև դահուկներով լեռնամագլցում սպորտաձևը, որն իրականացնում ենք Թեղենիսի և Արայի լեռներում, Սյունիքում, Եղեգիսում։ Ձմռան սեզոնին Հայաստան այցելող զբոսաշրջիկները նույնիսկ կարող են պարապլանինգով զբաղվել, որը Գառնիում, Եղվարդում, Ապարանում է։ Այսինքն՝ կան ձմեռային զբոսաշրջության համար հետաքրքիր ձևեր, որը գրավում է զբոսաշրջիկներին»,- շեշտեց Մ. Ապրեսյանը։
Պատասխանելով մեր այն հարցին, թե ձմեռային զբոսաշրջության այսքան բազմազանության մեջ, ինչո՞ւ են հայերը նախընտրում Ամանորն անցկացնել դրսում, մասնավորապես՝ Թբիլիսիում, գուցե Հայաստանում ծառայություններն ավելի թա՞նկ են, Մեխակ Ապրեսյանն ասաց, որ նրանք, ովքեր ունեն հնարավորություններ, ցանկանում են իրենց հանգիստը բազմազան դարձնել։
«Մարդիկ հանգստանում են ոչ միայն Թբիլիսիում, այլև Եգիպտոսում, ավելի քիչ՝ եվրոպական երկրներում։ Ամանորի նախաշեմին արտագնա զբոսաշրջություն տեղի չի ունեցել ի հաշիվ ներքին զբոսաշրջության։ Նույն միտումներով նաև ներքին այցեր են եղել Հայաստանի տարբեր վայրերում, այդ թվում՝ Արցախում։ Սա լավ երևույթ է, եթե մարդիկ մեկ տարի անցկացրել են Ջերմուկում, Արցախում կամ Աղվերանում, ապա հաջորդ տարի նախընտրում են այցելել այլ երկիր»,- նշեց Մ. Ապրեսյանը։
Ինչ վերաբերում է շրջանառության հարկի բարձրացմանը և դրա ազդեցությանը զբոսաշրջության զարգացման վրա, Մեխակ Ապրեսյանն ասաց, որ այդ հարցը վերլուծելու, պետության և մասնավոր հատվածի միջև քննարկելու կարիք ունի, քանի որ շատ կարևոր է։
«Իրականում մենք գնային մրցունակության առումով, այսպես ասած՝ մրցունակության եզրով քայլում ենք և մենք բոլորս պետք է գիտակցենք, որ անհարկի գների բարձրացումը կարող է բացասաբար անդրադառնալ մեր մրցունակության վրա։ Եվ նույնիսկ բարի նպատակը՝ ունենալ ավելի շատ եկամուտներ և լուծել ավելի շատ հարցեր, կարող է բերել հակառակ արդյունքի: Այսինքն՝ անհարկի թանկացումների պատճառով մեր մրցունակությունն ընկնի, և այսօրվա մակարդակի եկամուտները չկարողանանք ապահովել։
Այստեղ ցանկացած հարկային բեռի, տեղական տուրքերի անհարկի ավելացումը, մասնավորի կողմից թանկացումները կարող են բացասական անդրադարձ ունենալ։ Ամեն ինչ պետք է անեն մտածված ու տեղին՝ նախապես քննարկելով մասնավորի հետ։ Շատ կարևոր է, որ մտածենք մեր ներդրումային միջավայրի մասին, այն բարելավենք և արդար հարկային մեխանիզմներ ունենանք»,- եզրափակեց Մեխակ Ապրեսյանը։
Զվարթ Խաչատրյան