
Բրեմենում ծեծել են «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության տարածաշրջանային բաժանմունքի ղեկավարին

Անհայտ անձինք հարձակվել են «Այլընտրանք Գերմանիայի համար» աջամետ կուսակցության Բրեմենի բաժանմունքի ղեկավար Ֆրանկ Մագնիցի վրա եւ նրան գլխի լուրջ վնասվածք հասցրել: Հունվարի 8-ին այս մասին հայտնել է ոստիկանությունը:
Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 7-ին Բրեմենում: Հարձակման գործիք է դարձել փայտե չորսուի կտորը: 66-ամյա քաղաքական գործիչն այժմ գտնվում է հիվանդանոցում: Ոստիկանությունը որոնում է չարագործներին, նախնական տեղեկատվությամբ՝ հանցագործությունը կատարվել է քաղաքական շարժառիթներով:
Բռնության ակտը դատապարտել են Գերմանիայի կառավարությունում, ինչպես նաեւ այլ կուսակցությունների շարքերում: «Բունդեսթագի պատգամավոր Ֆրանկ Մագնիցի վրա կատարված դաժան հարձակումն արժանի է խիստ դատապարտման»,- ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
«Բռնությունը չպետք է քաղաքական պայքարի միջոց լինի, եւ կարեւոր չէ, թե ում դեմ է այն ուղղված եւ ինչպիսիք են դրդապատճառները»,- նշել է ԳԴՀ-ի արտգործնախարարության ղեկավար Հայկո Մաասը: «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը Մագնիցի վրա հարձակման առնչությամբ հայտարարել է «գերմանական ժողովրդավարության սեւ օրվա» մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: